Ապրիլի 15-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց վեբինար՝ «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ․ վերջնարդյունքների ձեռքբերում և հավաստում» թեմայով։ Վեբինարի նպատակն էր բուհերում կիրառվող այն ձևաչափերի և գործիքների ներկայացումը, որոնց միջոցով ապահովվում և հավաստվում է կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձեռքբերումը։
Վեբինարի շրջանակում ներկայացվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի փորձը՝ շեշտադրելով, որ գործընթացի հիմքում ընկած է վերջնարդյունք–առաջադրանք կապի ապահովումը։ Այդ կապը կառուցվում է համապատասխանեցման մատրիցայի միջոցով, որտեղ դասավանդողները, հիմնվելով առարկայական ծրագրերի վրա, համակարգված ձևով կապում են վերջնարդյունքները և առաջադրանքները՝ ապահովելով դրանց համահունչությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն կազմակերպել ուսումնական գործընթացը, այլև իրականացնել ինքնավերլուծություն և բացահայտել հնարավոր բացթողումները։
Նշվեց, որ համապատասխանեցման մատրիցան կարևոր գործիք է նաև ներքին աուդիտի տեսանկյունից, քանի որ ապահովում է տվյալների հիման վրա կրթական ծրագրերի վերլուծություն։ Այն նպաստում է դասընթացների բովանդակային համահունչությանը, գնահատման թափանցիկությանը և ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը՝ միաժամանակ հնարավորություն տալով կատարել ծրագրային ճշգրտումներ։
Բուհում կիրառվում է բազմաշերտ գնահատման համակարգ, որը ներառում է միջանկյալ ստուգումներ և ամփոփիչ գնահատում՝ ապահովելով ուսումնառության ընթացքում ձևավորված վերջնարդյունքների ամբողջական գնահատումը։ Միևնույն ժամանակ նշվեց, որ գնահատման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատանքները շարունակական են։
Առանձնահատուկ կարևորվեց ավարտական աշխատանքի դերը՝ որպես վերջնարդյունքների ձեռքբերման և հավաստման առանցքային բաղադրիչ։ Ներկայացվեց նաև համատեղ ավարտական աշխատանքների ձևաչափը, որը հիմնված է տարբեր մասնագիտական ուղղությունների համագործակցության վրա և նպաստում է ուսանողների կարողությունների համալիր զարգացմանը։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ համապատասխանեցման մատրիցաների կիրառումը հնարավորություն է տալիս համակարգված կերպով գնահատել դասընթացների արդյունավետությունը, ապահովել առաջադրանքների և վերջնարդյունքների հստակ կապը և հեշտացնել կրթական ծրագրերի ներքին աուդիտի իրականացումը։
Վեբինարի ընթացքում Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ վերջնարդյունքների ձևակերպումն ու գնահատումը պետք է հիմնվեն հանձնարարությունների վրա, քանի որ ուսանողի գիտելիքի և կարողությունների ստուգումն իրականացվում է հենց դրանց միջոցով։ Նրա խոսքով՝ արդյունավետ մոտեցում է նախ հստակեցնել առաջադրանքները, ապա դրանց հիման վրա ձևակերպել վերջնարդյունքները։
Նա նաև նշեց, որ ձևավորվել է ոչ ֆորմալ համագործակցային միջավայր՝ ուղղված միասնական մոտեցումների ձևավորմանը, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել կրթական ծրագրերը։ Այս համատեքստում կարևորվեց ներկայացված փորձի տեղայնացումը բուհերի ներսում և դրա կիրառումը համապատասխան ինստիտուցիոնալ համակարգերում։
Ընդգծվեց, որ ներքին աուդիտը պետք է հիմնված լինի տվյալների վրա և իրականացվի որակի ապահովման հստակ մեխանիզմների կիրառմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացին՝ որպես աուդիտի արդյունավետության առանցքային նախապայման։
Վեբինարի ընթացքում մասնակիցներին առաջարկվեց ձևավորել այնպիսի համակարգեր, որոնք թույլ կտան համակարգված կերպով հավաքագրել տվյալներ, հետևել ուսանողների առաջընթացին և ապահովել վերջնարդյունքների ձեռքբերումը։ Միայն այս հիմքի վրա հնարավոր կլինի իրականացնել արժանահավատ գնահատում և ձևակերպել հիմնավորված եզրակացություններ կրթական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ։