Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբում (TPG C) հանդես է գալիս որպես համանախագահ երկիր՝ ի դեմս Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)։
Խմբի համանախագահի դերը ստանձնել է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը՝ ապահովելով Հայաստանի ակտիվ և տեսանելի ներգրավվածությունը եվրոպական բարձրագույն կրթության քաղաքականությունների ձևավորման գործընթացում։
2026 թվականի նոյեմբերի 16–18-ը Երևանը կհյուրընկալի TPG C-ի հերթական հանդիպումը։
Միջոցառումները կմիավորեն․
- 38 երկրների ներկայացուցիչների,
- 7 միջազգային խորհրդատվական կազմակերպությունների։
Հանդիպումներին կմասնակցեն ոլորտի առաջատար կազմակերպությունները՝ EUA, ENQA, EQAR, ESU, EURASHE, BusinessEurope և Education International (ETUCE)։
Հանդիպումների նպատակն է քննարկել որակի ապահովման արդի մարտահրավերները, խթանել փորձի փոխանակումը և համատեղ մշակել լուծումներ՝ ուղղված Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի մշակույթի զարգացմանը։