2026 թ․ փետրվարի 27-ին տեղի ունեցավ «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ» նախագծի «Վերջնարդյունքների ձեռքբերում և հավաստում» թեմատիկ հետազոտական խմբի ներկայացուցիչների հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին բուհերի կրթական ծրագրերի ղեկավարներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ՝ նպատակ ունենալով համատեղ վերլուծել կրթական ծրագրերում վերջնարդյունքների ձեռքբերման և դրանց հավաստման գործող մեխանիզմները։
Հանդիպումը շարունակությունն էր ՈԱԱԿ նախաձեռնությամբ մեկնարկած «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ» նախագծի շրջանակում մասնագիտական քննարկումների շարքի, որոնք ուղղված են բուհերում մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի գործնական մոդելի ձևավորմանը։
Վերջնարդյունահենք կրթության համակարգային հիմքերը
Հանդիպման սկզբում ներկայացվեցին վերջնարդյունքների գնահատման համակարգային հիմքերը։ Նշվեց, որ 2020 թվականից սկսած հավատարմագրված բոլոր բուհերի առաջ Հավատարմագրման հանձնաժողովի կողմից խնդիր է դրվել իրականացնել կրթական ծրագրերի ներքին աուդիտ՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ։ Միաժամանակ ընդգծվեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը որպես պահանջ սահմանում է վերջնարդյունահենք կրթության իրականացումը։
Քննարկման նպատակն էր ձևավորել ընդհանուր մոտեցումներ, որոնք կօգնեն ցույց տալ և փաստարկել, որ կրթական ծրագրերով նախատեսված վերջնարդյունքներն իրականում ձեռք են բերվում ուսումնառության ամբողջ ընթացքում։
Վերջնարդյունքների ձեռքբերման գնահատման մոտեցումները
Քննարկման ընթացքում բուհերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց փորձը՝ վերջնարդյունքների գնահատման մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Նշվեց, որ գործընթացը պահանջում է վերջնարդյունքների հստակ ձևակերպում և դրանց չափելիության ապահովում։ Դրա համար բուհերը կիրառում են տարբեր գործիքներ՝ ընթացիկ գնահատումներ, թեմատիկ առաջադրանքներ, նախագծեր, ինչպես նաև որոշ մասնագիտություններում կիրառվող ստանդարտիզացված գնահատման մեթոդներ, օրինակ՝ OSCE ձևաչափի քննություններ։
Մասնակիցները կարևորեցին նաև այն հանգամանքը, որ վերջնարդյունքների գնահատումը չպետք է սահմանափակվի միայն ավարտական փուլով։ Ընդգծվեց, որ ուսումնառության ողջ ընթացքում իրականացվող գնահատումները պետք է համահունչ լինեն կրթական ծրագրի վերջնական նպատակներին, իսկ միջանկյալ գնահատումները պետք է ապահովեն վերջնական արդյունքների աստիճանական ձևավորումը։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև մի մոտեցում, ըստ որի հնարավոր է մշակել վերջնարդյունքների գնահատման ընդհանուր մոդել՝ հիմնված հետևյալ բաղադրիչների վրա․
- դասընթացների և ծրագրային վերջնարդյունքների քարտեզագրում,
- համապատասխան դասավանդման մեթոդների ընտրություն,
- գնահատման ստանդարտացված մեթոդների կիրառում,
- ստացված տվյալների վերլուծություն և շարունակական բարելավման մեխանիզմների ներդրում։
Տվյալների հավաքագրում և պատասխանատվության բաշխում
Քննարկման մեկ այլ կարևոր թեմա վերաբերում էր այն տվյալներին, որոնք անհրաժեշտ են վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստելու համար։ Նշվեց, որ նման տվյալները ձևավորվում են ամբողջ ուսումնառության ընթացքում՝ ներառելով ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքները, միջդիսցիպլինար նախագծերը, ընթացիկ գնահատումների արդյունքները և այլ գնահատման գործիքներով ստացված տվյալները։
Բուհերի ներկայացուցիչները նաև ընդգծեցին, որ այս գործընթացում առանցքային դեր ունի մասնագիտական կրթական ծրագրի պատասխանատուն, որը վերահսկում է ծրագրի կառուցվածքը և ապահովում դասընթացների, թեմատիկ պլանների և գնահատման մեխանիզմների համապատասխանությունը ծրագրի վերջնարդյունքներին։ Խնդիրների հայտնաբերման դեպքում ծրագրի ղեկավարները և մասնագիտական թիմերը վերանայում են գնահատման մեթոդներն ու դասընթացների կառուցվածքը՝ ապահովելու ուսումնառության գործընթացի շարունակական բարելավումը։
Քննարկման ավարտին մասնակիցները կարևորեցին բուհերի փորձի համադրումը և ՈԱԱԿ առաջարկությամբ որոշվեց քննարկել վերջնարդյունքների ձեռքբերման գնահատման ընդհանուր մոտեցումները՝ անկախ առանձին բուհերի ներքին կարգավորումներից։
Նշենք՝ Թեմատիկ հետազոտական խմբի աշխատանքների արդյունքում նախատեսվում է ձևավորել բուհերի համար ընդունելի և կիրառելի մոդել, որը կպարունակի կրթական ծրագրերի վերջնարդյունքների սահմանման, ձեռքբերման և հավաստման գործիքներ և մեխանիզմներ։