Շարունակվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Մարտի 13-ին ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասախոսների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց մշակած դասի պլանները և վերապատրաստող մասնագետներից ստացան հետադարձ կապ և առաջարկություններ՝ դրանց հետագա բարելավման համար։
Շարունակելով աշխատանքը՝ դասախոսները մշակել և լսարանում փորձարկել են դասի պլաններ հիմնված իրենց ձևակերպած հետազոտական հարցերի վրա՝ ապահովելով ուսուցման չափելի ու տվյալահեն արդյունքներ։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ստացան մասնագիտական խորհրդատվություններ՝ ուղղված դասի պլանների բարելավմանը և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկվեց վերանայել դասի պլանները և շարունակել դրանց փորձարկումը՝ ստացված արդյունքների վերլուծության նպատակով։
Հաջորդ հանդիպման ընթացքում դասախոսները կներկայացնեն իրականացված փորձարկումների արդյունքները, կկիսվեն իրենց փորձով և կրկին կստանան հետադարձ կապ դասընթացավարներից։
Այս գործընթացը հնարավորություն է տալիս դասախոսներին շարունակաբար զարգացնել իրենց կարողությունները՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական փորձը, ինչը նպաստում է ավելի արդյունավետ դասավանդմանը մասնագիտական ոլորտներում։