Շարունակվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Մարտի 2-ին ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասախոսների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց ձևակերպած հետազոտական հարցերը և վերապատրաստող մասնագետներից ստացան հետադարձ կապ և առաջարկություններ՝ դրանց հետագա բարելավման համար։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարելի է զարգացնել ուսանողների հետազոտական կարողությունները՝ շեշտադրելով տվյալների հավաքագրման, վերլուծության և կիրառման կարևորությունը։
Մասնակիցներն անդրադարձան ուսանողների մասնագիտական մոտեցման ձևավորմանը՝ նշելով, որ կարևոր է, որպեսզի ուսանողը կարողանա կիրառել ստացած գիտելիքներն իրական պրակտիկայում՝ հիմնվելով տվյալների և հետազոտական արդյունքների վրա։
Հաջորդ փուլում դասախոսները կշարունակեն իրենց աշխատանքները՝ մշակելով դասի պլաններ, որոնք հիմնված կլինեն իրենց ձևակերպած հետազոտական հարցերի վրա։ Դասախոսները նախատեսում են փորձարկել այդ պլանները լսարանում՝ ուսանողների մասնակցությամբ։
Այս գործընթացը հնարավորություն կտա դասախոսներին զարգացնել ոչ միայն տեսական գիտելիքները, այլև գործնական հմտությունները՝ նպաստելով ուսանողների հետազոտական կարողությունների զարգացմանը և դասավանդման արդյունավետության բարձրացմանը։