Շարունակվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Մարտի 16-ին ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը բժշկական ոլորտի դասախոսների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց մշակած դասի պլանները և վերապատրաստող մասնագետներից ստացան հետադարձ կապ ու առաջարկություններ՝ դրանց հետագա բարելավման համար։
Շարունակելով իրենց աշխատանքը՝ դասախոսները մշակել են դասի պլաններ՝ հիմնված իրենց ձևակերպած հետազոտական հարցերի վրա։ Նրանք նաև փորձարկել են այդ պլանները լսարանում՝ ուսանողների հետ՝ ստանալու ավելի հստակ և չափելի արդյունքներ։
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ հետազոտական աշխատանքը պետք է ծառայի ոչ թե ինքնանպատակ, այլ ուսանողների գործնական կարողությունների զարգացմանը։ Կարևորվեց, որ ուսանողները կարողանան իրենց առօրյա մասնագիտական խնդիրների հիման վրա իրականացնել հետազոտություն, կատարել դիտարկումներ, համեմատություններ և գտնել հիմնավորված լուծումներ, որոնք կկարողանան կիրառելի իրենց աշխատանքում։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ստացան մասնագիտական խորհրդատվություններ և առաջարկություններ՝ դասի պլանների բարելավման ուղղությամբ։ Առաջարկվեց վերանայել դասի պլանները և շարունակել դրանց փորձարկումը լսարանում՝ ստացված արդյունքների հետագա վերլուծության նպատակով։
Հաջորդ աշխատաժողովի ընթացքում դասախոսները կներկայացնեն լսարանում իրականացված փորձարկումների արդյունքները և կրկին կստանան հետադարձ կապ դասընթացավարներից։
Այս գործընթացը հնարավորություն է տալիս դասախոսներին զարգացնել իրենց կարողությունները՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական փորձը, ինչն իր հերթին նպաստում է ուսանողների հետազոտական կարողությունների արդյունավետ զարգացմանը՝ հիմնված իրական բժշկական տվյալների վրա։