Շարունակվում են «ՄԿՈՒ հաստատությունների բժշկական ոլորտի դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» վերապատրաստման ծրագրի շրջանակում նախատեսված հանդիպումները՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։
Մարտի 2-ին տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը, որտեղ մասնակիցները ներկայացրին իրենց ձևակերպած հետազոտական հարցերը։ Նրանք ստացան վերապատրաստող մասնագետներից հետադարձ կապ, ինչպես նաև առաջարկություններ՝ հետագա բարելավումների համար։
Հանդիպման նպատակն էր քննարկել, թե ինչպես կարելի է զարգացնել ուսանողների հետազոտական կարողությունները բժշկական ոլորտում՝ շեշտելով տվյալների հավաքագրման, վերլուծության և դրանց կիրառման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կարևորվեց, որ ուսանողները պետք է կարողանան հավաքագրել տվյալներ, վերլուծել դրանք և կիրառել իրենց գիտելիքները՝ հիմնվելով իրական կլինիկական տվյալների վրա։
Հաջորդ փուլում դասախոսները կշարունակեն իրենց աշխատանքը՝ մշակելով դասի պլաններ, որոնք հիմնված կլինեն իրենց ձևակերպած հետազոտական հարցերի վրա։ Դասախոսները պատրաստվում են փորձարկել պլանները լսարանում՝ ուսանողների հետ։ Հաջորդ աշխատաժողովին նրանք կներկայացնեն լսարանում կատարված փորձարկումների արդյունքները և կստանան կրկին հետադարձ կապ։
Այս գործընթացը հնարավորություն կտա դասախոսներին կատարելագործել ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ հմտություններ՝ ուսանողներին ավելի արդյունավետ դասավանդելու համար, այնուհետև բարելավել ուսանողների հետազոտական կարողությունները՝ հիմնված իրական բժշկական տվյալների վրա։