Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փոխանցելի հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում կայացած համակարգման խմբի հանդիպման ընթացքում քննարկվել են միկրորորակավորում շնորհող ծրագրերի մշակման և ներդրման մոտեցումները՝ շեշտադրելով դրանց կիրառելիությունը փոխանցելի հմտությունների զարգացման համատեքստում։
DeSIRe ծրագրով նախատեսվում է փոխանցելի հմտությունների դասընթացների վերափոխում՝ միկրոհավաստագրեր շնորհող ծրագրերի։ Այս գործընթացին աջակցելու նպատակով ՈԱԱԿ-ի կողմից միջծրագրային փորձի փոխանակման շրջանակում ներկայացվել է Էրազմուս+ MICRO-GEAR ծրագրի փորձը՝ մասնավորապես միկրոհավաստագրերի մշակման, սերտիֆիկացման և որակի ապահովման մոտեցումների տեսանկյունից։ Հարկ է նշել, որ մշակված փաստաթղթերի կիրառումը պահանջում է հետագա հաստատում և համապատասխան իրավական ու ինստիտուցիոնալ կարգավորումների հստակեցում համակարգային ներդրման համար։
Ներկայացված փորձը ներառում է միկրոհավաստագրերի մշակման, որակի ապահովման, սերտիֆիկացման և ճանաչման ամբողջական գործընթաց՝ հիմնված եվրոպական չափանիշների և ուղեցույցների վրա՝ ապահովելով դրանց համադրելիությունն ու վստահելիությունը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում միկրոհավաստագրերի ներդրման հնարավորություններին, առկա իրավական կարգավորումներին և ինստիտուցիոնալ մեխանիզմներին, ինչպես նաև որակի ապահովման շրջանակների կիրառելիությանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սերտիֆիկացման գործընթացի հստակ սահմանմանը, արտաքին գնահատման մեխանիզմների ձևավորմանը և միկրոհավաստագրերի ներառմանը ծրագրերի կայունության ապահովման մոդելներում՝ որպես ծրագրի ավարտից հետո շարունակականության ապահովման գործիք։
Միջոցառման արդյունքում ընդգծվել է միջծրագրային համագործակցության կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման, մոտեցումների համադրման և տարածաշրջանային մակարդակում համադրելի լուծումների մշակման համար։