DeSIRe ծրագրի շրջանակում Հայաստանի և Վրաստանի գործընկեր բուհերում փորձարկվել են ուսանողների փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված մոդուլներն ու MOOC-երը, գնահատվել են դրանց արդյունքները և նախանշվել են մշակված գործիքները կրթական ծրագրերում ներդնելուն ուղղված քայլերը։
Փորձարկման երկու փուլերի արդյունքում գործընկերները վերլուծել են ուսանողների ներգրավվածությունը և ուսումնառության վերջնարդյունքները, բացահայտել դասավանդման ու գնահատման հիմնական մարտահրավերները և եվրոպացի փորձագետների առաջարկությունների հիման վրա բարելավել մշակված նյութերն ու գործիքները։
Այս արդյունքներն ամփոփվել են հուլիսի 21-22-ը Վրաստանի Բաթումի քաղաքում՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանում անցկացված Erasmus+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փոխանցելի հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովի և համակարգման 6-րդ հանդիպման ընթացքում։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Վրաստանի բուհերի, եվրոպական գործընկեր հաստատությունների և ծրագրում ներգրավված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՈԱԱԿ ներկայացուցիչներ Քրիստինե Ալիխանյանը և Նաիրա Հարությունյանը։
Աշխատաժողովի առանցքային հարցն էր՝ ինչպես կարող են բուհերը ոչ միայն զարգացնել ուսանողների՝ աշխատաշուկայում պահանջված փափուկ հմտությունները, այլև արժանահավատորեն գնահատել դրանց ձեռքբերումը և հավաստել ուսումնառության վերջնարդյունքները։
Փորձարկման արդյունքներից՝ կրթական ծրագրերում կայուն ներդրում
Գործընկեր համալսարանները ներկայացրել են հինգ փափուկ հմտությունների մոդուլների և դրանց հիման վրա մշակված MOOC-երի փորձարկման արդյունքները։ Քննարկվել են․
- ուսանողների մասնակցությունն ու ներգրավվածությունը,
- նախատեսված ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերումը,
- կիրառված գնահատման մեթոդների արդյունավետությունը,
- փորձարկման ընթացքում բացահայտված դժվարությունները,
- դասընթացների բովանդակության և գնահատման գործիքների բարելավման հնարավորությունները։
Քննարկումների արդյունքում կարևորվել է փորձարկումներից ստացված տվյալների և շահակիցների արձագանքների կիրառումը՝ մոդուլներն ու MOOC-երը վերանայելու, դրանց գնահատման մեխանիզմները կատարելագործելու և բուհերի կրթական ծրագրերում կայուն ներդնելու համար։
Անդրադարձ է կատարվել նաև փափուկ հմտությունների նշանակությանը՝ աշխատաշուկայի փոփոխվող պահանջների, ուսանողների ուսումնառության փորձառության և շրջանավարտների զբաղունակության տեսանկյունից։
Soft Skills Labs-ի շարունակականության ապահովում
Հայաստանի և Վրաստանի գործընկեր բուհերը ներկայացրել են Soft Skills Labs-ի զարգացման բիզնես պլաններն ու ճանապարհային քարտեզները։ Դրանց միջոցով բուհերը նախատեսում են ծրագրի ավարտից հետո շարունակել ձևավորված ենթակառուցվածքների, մասնագիտական կարողությունների և դասավանդման մեխանիզմների կիրառումն ու զարգացումը։
Քննարկումների ընթացքում հստակեցվել են լաբորատորիաների հետագա գործունեության հնարավոր ուղղությունները, բուհերի ներսում դրանց գործառույթները, անհրաժեշտ ռեսուրսները և այլ կրթական ծրագրերի ու շահակիցների ներգրավման հնարավորությունները։
MOOC-ից՝ ուսումնառության վերջնարդյունքները հավաստող միկրոորակավորում
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ներկայացրել է DeSIRe ծրագրի շրջանակում MOOC-երի հիման վրա միկրոորակավորումների ձևավորման և հավաստագրման մոտեցումները։
Ներկայացման հիմնական շեշտադրումն այն էր, որ MOOC-ի ավարտին տրամադրվող վկայականը պետք է հավաստի ոչ միայն մասնակցի՝ դասընթացն ավարտելու փաստը, այլև սահմանված ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերումը։
Դրա համար անհրաժեշտ է՝
- հստակ և չափելի ձևակերպել դասընթացի ուսումնառության վերջնարդյունքները,
- յուրաքանչյուր վերջնարդյունքի համար սահմանել համապատասխան գնահատման մեթոդներ և չափանիշներ,
- փաստահենք ձևով հավաստել սովորողի ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները։
Այս մոտեցման կիրառման դեպքում միկրոորակավորումը կարող է դառնալ սովորողի ձեռք բերած կարողությունները հավաստող, հետագա կրթության ընթացքում ճանաչելի և աշխատաշուկայում ներկայացվող գործիք։