Ծրագրային հավատարմագրման գործընթացում կրթական ծրագիրը դիտարկվում է որպես համակարգ, որը պետք է հստակ ցույց տա՝ ինչ կարողություններ է ձևավորում ապագա մասնագետի մոտ, ինչպես են դրանք ձևավորվում ուսուցման ընթացքում և ինչ գործիքներով է հավաստվում դրանց ձեռքբերումը։
Այս տրամաբանությունն էր հունիսի 2-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցած աշխատաժողովի առանցքում, որին մասնակցում էին ծրագրային հավատարմագրման գործընթացում գտնվող բժշկական քոլեջների ներկայացուցիչները։ Աշխատաժողովին մասնակցում էին Գավառի, Կապանի բժշկական, Կոտայքի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջների ներկայացուցիչները։
Աշխատաժողովի հիմնական շեշտադրումը կրթական ծրագրի վերջնարդյունքների, դրանց ձևավորման համար պատասխանատու մոդուլների և դասախոսական կազմի կարողությունների միջև կապի տեսանելի դարձնելն էր։ Մասնակիցները վերլուծեցին, որ եթե կրթական ծրագիրը նախատեսում է ձևավորել կոնկրետ մասնագիտական կարողություն, ապա որ մոդուլն է ապահովում այդ կարողությունը, ինչ ուսուցման և գնահատման մեխանիզմներ են կիրառվում, և ինչ կարողություններ պետք է ունենա դասախոսական կազմը տվյալ վերջնարդյունքին հասնելու համար։
Մասնակիցները դերային աշխատանքի միջոցով կրթական ծրագիրը դիտարկեցին երկու տեսանկյունից։ Գործատուի դերում նրանք առանձնացրին այն նվազագույն պարտադիր կարողությունները, որոնք անհրաժեշտ են անվտանգ և որակյալ մասնագիտական գործունեության համար։ Դասախոսի դերում փորձեցին քարտեզագրել, թե այդ կարողությունները ծրագրի որ մոդուլներում են ձևավորվում, ինչ մեթոդներով են զարգանում, ինչպես են գնահատվում և ինչ դասախոսական կարողություններ են անհրաժեշտ դրանց ապահովման համար։
Այս համատեքստում քարտեզագրվեցին ոչ միայն կրթական ծրագրերի վերջնարդյունքները, այլև դրանց ապահովման համար անհրաժեշտ դասախոսական կարողությունները։ Քարտեզագրումը դիտարկվեց որպես ծրագրի վերլուծության գործիք, որը հնարավորություն է տալիս տեսնել՝ որ վերջնարդյունքն ինչ մոդուլով է ապահովվում, ինչ մեթոդական մոտեցում է պահանջում և ինչ գնահատման կարողություններ են անհրաժեշտ դասախոսին այդ վերջնարդյունքի արժանահավատ ձևավորումն ու գնահատումն ապահովելու համար։
Աշխատաժողովի առանձնահատուկ շեշտադրումը դասախոսական կազմի կարողությունների նպատակային զարգացումն էր։ Քննարկվեց, որ դասախոսների մասնագիտական զարգացումը պետք է պլանավորվի ոչ թե ընդհանուր վերապատրաստումների տրամաբանությամբ, այլ կրթական ծրագրի վերջնարդյունքներից ելնելով։ Այսինքն՝ նախ պետք է հստակ լինի, թե ինչ կարողություն պետք է ձևավորվի ուսանողի մոտ, ապա՝ ինչ մասնագիտական, մեթոդական և գնահատման կարողություններ են անհրաժեշտ դասախոսական կազմին այդ արդյունքը ձևավորելու, զարգացնելու և գնահատելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև գնահատման մեխանիզմներին։ Շեշտադրվեց, որ բժշկական կրթության մեջ գնահատումը պետք է ցույց տա ոչ միայն այն, թե ուսանողն ինչ գիտի, այլև՝ արդյոք նա կարողանում է այդ գիտելիքը կիրառել իրական կամ մոդելավորված մասնագիտական տարբեր համատեքստերում։
Աշխատաժողովների այս շղթան հնարավորություն է տալիս ծրագրային հավատարմագրումը դիտարկել որպես բժշկական քոլեջների կարողությունների զարգացման, կրթական ծրագրերի բարելավման և ապագա մասնագետների անվտանգ ու պատասխանատու մասնագիտական գործունեության ապահովման հնարավորություն։