Մայիսի 21-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2024 թվականին անցել է համատեղ արտաքին գնահատում ՈԱԱԿ-ի և Ֆրանսիայի հետազոտությունների և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհրդի՝ Hcéres-ի կողմից։ Մշտադիտարկումը շարունակական բարելավման գործընթացի մաս է և նպատակ ունի դիտարկելու, թե հավատարմագրումից հետո բուհում իրականացվող փոփոխություններն ինչպես են արտացոլվում կրթական ծրագրերի, դասավանդման, գնահատման և ուսանողի ուսումնառության փորձառության մեջ։
Մշտադիտարկման առանցքում էր այն հարցը, թե ինչպես է համալսարանը զարգացնում իր կրթական և ակադեմիական մոդելը՝ պահպանելով աշխատաշուկային արձագանքող կիրառական ուղղվածությունը և միաժամանակ ուժեղացնելով հետազոտահենք ուսումնառությունը, ուսանողների վերլուծական կարողությունների ձևավորումը և կրթական ծրագրերի վերջնարդյունահենք կառավարումը։
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել համալսարանի ղեկավար կազմի, Որակի ապահովման կենտրոնի ղեկավարի, ներքին աուդիտի ենթարկված կրթական ծրագրերի ուսանողների, ծրագրերի պատասխանատուների և դասախոսների հետ։
Վերջնարդյունահենք կրթությունը՝ դիտարկման առանցքում
Մշտադիտարկման ընթացքում շեշտադրվել է, որ բուհի զարգացումը պետք է դիտարկել ոչ միայն մշակված փաստաթղթերի կամ ընթացակարգերի առկայությամբ, այլև դրանց ազդեցությամբ ուսանողի իրական ուսումնառության վրա։
Քննարկումների առանցքում էր՝ ինչ կարողություններ է ձևավորում ուսանողը, ինչպես են այդ կարողությունները կապվում կրթական ծրագրերի վերջնարդյունքների հետ, ինչ մեթոդներով են զարգանում դասավանդման ընթացքում և ինչպես են գնահատվում։
Վերջնարդյունահենք կրթության տեսանկյունից կրթական ծրագրի որակը տեսանելի է այն դեպքում, երբ շրջանավարտը կարողանում է տարբեր մասնագիտական համատեքստերում դրսևորել մասնագիտական վարքագիծ, կիրառել գիտելիքը, վերլուծել իրավիճակը և հիմնավորված որոշում կայացնել։
Հետազոտահենք ուսումնառություն և մասնագիտական մտածողություն
Քննարկվել է, թե ինչպես կարող են հետազոտական մոտեցումները, տվյալների օգտագործումը, մասնագիտական գրականության և աղբյուրների հետ աշխատանքը, վերլուծական առաջադրանքները և մասնագիտական դեպքերի վերլուծությունը նպաստել ուսանողների մասնագիտական և վերլուծական մտածողության ձևավորմանը։
Հետազոտությունը դիտարկվել է ոչ միայն որպես առանձին գիտական գործունեություն, այլ որպես կրթական ծրագրերի բովանդակությունը, դասավանդումը, գնահատումը և ուսանողի ուսումնառության փորձառությունը զարգացնող բաղադրիչ։
Արհեստական բանականության ինտեգրումը կրթական ծրագրերում
Մշտադիտարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառմանը կրթական ծրագրերում։ Քննարկվել է, որ աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին արձագանքելու համար ԱԲ-ի կիրառումը կարող է դառնալ ուսանողների թվային, վերլուծական և մասնագիտական կարողությունների զարգացման կարևոր ուղղություն։
Միևնույն ժամանակ կարևորվել է, որ ԱԲ-ի կիրառումը կապվի կրթական ծրագրերի վերջնարդյունքների, գնահատման չափանիշների, տվյալների և աղբյուրների ստուգման, ինչպես նաև ուսանողի սեփական վերլուծական աշխատանքի հետ։
Այս մոտեցման դեպքում գնահատվում է ոչ թե ԱԲ գործիքի միջոցով ստացված պատրաստ արդյունքը, այլ ուսանողի կարողությունը՝ ձևակերպելու մասնագիտական խնդիր, քննադատաբար վերլուծելու ստացված արդյունքը, ստուգելու տվյալները և հիմնավորելու որոշումը։
Գնահատումը՝ որպես կարողությունների չափման մեխանիզմ
Քննարկումների կարևոր շեշտադրումներից էր գնահատման համակարգի կապը կրթական ծրագրերի վերջնարդյունքների հետ։
Քննարկվել է, որ գնահատման չափանիշները պետք է ուղղված լինեն ոչ թե տեսական նյութի վերարտադրության կամ ձևական պահանջների ստուգմանը, այլ ուսանողի իրական կարողությունների դրսևորմանը՝ վերլուծելու, կիրառելու, տվյալների և աղբյուրների հետ աշխատելու, հիմնավորելու և մասնագիտական որոշում կայացնելու տեսանկյունից։
Այս համատեքստում Case-based (դեպքերի վրա հիմնված) և project-based (նախագծերի վրա հիմնված) առաջադրանքները դիտարկվել են որպես ուսանողի մասնագիտական, վերլուծական և հետազոտական կարողությունների ձևավորման և գնահատման կարևոր գործիքներ։
Գնահատումը պետք է ցույց տա ոչ միայն ինչ գիտի ուսանողը, այլև ինչ է կարողանում անել այդ գիտելիքով տարբեր մասնագիտական իրավիճակներում։
Ներքին աուդիտ և տվյալահենք որակի ապահովում
Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են նաև կրթական ծրագրերի ներքին աուդիտի գործընթացները։ Քննարկվել է, թե ինչպես կարող են ներքին աուդիտի արդյունքները նպաստել ուսումնառության վերջնարդյունքների վերանայմանը, քարտեզագրումների կիրառմանը, դասընթացների միջև կապերի հստակեցմանը, առաջադրանքների բարելավմանը և ծրագրերի շարունակական զարգացմանը։
Որակի ապահովման համակարգի զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև տվյալահենք մոտեցման ամրապնդումը։ Տվյալների շտեմարանների ձևավորումը, թվային գործիքների կիրառությունը, կրթական ծրագրերի վերանայման շրջանակների մշակումը և դասախոսների մեթոդական կարողությունների զարգացումը դիտարկվել են որպես հիմք՝ որոշումների կայացումն առավել փաստահենք և արդյունահենք դարձնելու համար։
Մշտադիտարկման հիմնական եզրահանգումը
Մշտադիտարկման հիմնական շեշտադրումն էր, որ որակի ապահովման իրական արդյունքը պետք է տեսանելի լինի ուսանողի ուսումնառության փորձառության և ձևավորվող կարողությունների մեջ։
Կրթական ծրագրի որակը չափելի է այն դեպքում, երբ հստակ երևում է՝ ինչ կարողություն է ձևավորում ուսանողը, ինչպես է այդ կարողությունը զարգանում ուսումնառության ողջ ընթացքում, ինչ առաջադրանքներով է ստուգվում, ինչ չափանիշներով է գնահատվում և ինչպես է գնահատման արդյունքը նպաստում ծրագրի շարունակական բարելավմանը։