Ամփոփվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի վերապատրաստման փուլը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում ապրիլի 2-ին տեղի ունեցավ առցանց աշխատաժողով՝ բժշկական ոլորտի դասախոսների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր գնահատել հետազոտական մոտեցման ինտեգրման արդյունավետությունը դասավանդման գործընթացում, վեր հանել առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև քննարկել հաջողված փորձերն ու հետագա զարգացման ուղղությունները։
Աշխատաժողովի ընթացքում արձանագրվեց, որ դասախոսներն արդեն կիրառում են հետազոտական մոտեցումներ ուսումնական գործընթացում՝ ներկայացնելով կոնկրետ գործնական օրինակներ։
Արդյունքում նկատվում է ուսանողների ակտիվ ներգրավվածություն և բարձր հետաքրքրվածություն․ նրանք ոչ միայն կատարում են առաջադրանքները, այլև ձեռք են բերում տվյալների հավաքագրման, վերլուծության և օրինաչափությունների բացահայտման հմտություններ։ Միաժամանակ ընդգծվեց, որ հետազոտական մոտեցումը նպաստում է ուսանողների քննադատական և գործնական մտածողության զարգացմանը։
Դասախոսների ներկայացրած փորձը ցույց է տալիս, որ կիրառվում են կոնկրետ մեխանիզմներ, մասնավորապես՝
- դիտարկման քարտերի և տվյալների գրանցման ձևաչափերի կիրառություն,
- գործնական առաջադրանքների միջոցով տվյալների հավաքագրում,
- արդյունքների վերլուծություն,
- եզրակացությունների ձևակերպում ուսանողների կողմից։
Ընդգծվել է, որ հետազոտական հմտությունները ձևավորվում են աստիճանաբար՝ պարզ դիտարկումներից անցում կատարելով դեպի մասնագիտական խնդիրների վերլուծություն։ Նշվել է նաև, որ նույնիսկ ոչ նեղ մասնագիտական դասընթացների շրջանակում հնարավոր է զարգացնել տվյալների հետ աշխատելու կարողություններ, որոնք հետագայում կիրառելի են մասնագիտական գործունեության մեջ։
Միաժամանակ կարևոր է համարվել փորձի փոխանակումը և համագործակցությունը, ինչպես նաև միջմասնագիտական համագործակցության զարգացումը, ինչը նպաստում է մոտեցման առավել արդյունավետ կիրառմանը։
Ծրագրի այս փուլի և արձանագրված արդյունքների վերլուծության նպատակով ՈԱԱԿ-ն իրականացնում է արդյունավետության գնահատում։ Իրականացվում են հարցաշարեր ծրագրի մասնակիցների, դասընթացավարների շրջանում կազմակերպվում են ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև հավաքագրվում են արձագանքներ ՄԿՈՒ հաստատություններից։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է աշխատաժողովների շարունակական անցկացում՝ մասնակիցների առաջընթացին հետևելու և նպատակային հետադարձ կապ ապահովելու համար։ Ուսումնական տարվա ավարտին նախատեսվում է ամփոփիչ համաժողով՝ ծրագրի արդյունքների ներկայացման և լավագույն փորձի տարածման նպատակով ՄԿՈՒ ոլորտի մասնագետների շրջանում։
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ հետազոտական բաղադրիչի ներդրումը նպաստում է ավելի վերլուծող, մտածող և գործնական հմտություններով օժտված բուժաշխատողների ձևավորմանը։ Չնայած առկա դժվարություններին՝ արձանագրվել է դրական առաջընթաց, և ծրագրի շարունակական զարգացումը կարող է էականորեն նպաստել մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը։