Նոյեմբերի 23-26-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահատման նպատակով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում է։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարազդատ Հովհաննիսյանը։
Փորձագիտական խմբի անդամներն են՝ Գյումրու սուսերամարտի ՄՊՄԴ տնօրեն, Ռուս-Հայկական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և կենսապահովման ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արփինե Հակոբյանը, Ռումինիայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության արտաքին գնահատման փորձագետ, Ռումինիայի Յաշ քաղաքի «Ալեքսանդրու Իոան Կուզա» համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետի դեկան, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Բեատրիչե-Աուրելիա Աբալաշեյը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ընդհանուր բժշկություն» մասնագիտության ուսանող Գոռ Ավագիմյանը։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Փորձագիտական խումբն այցից առաջ ուսումնասիրել է ինստիտուտի ինքնավերլուծությունը և փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ և նախնական գնահատում։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել ՀՖԿՍՊԻ ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ինքնավերլուծությունն իրականացրած աշխատանքային խմբի, Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների, գործատուների, շրջանավարտների հետ։ Այցի հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն հանդիպումներն ինստիտուտի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ։
Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Մասնագիտական մանկավարժություն (Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ)», «Հոգեբանություն» և «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (կինեզիոլոգիա)» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով ինստիտուտի գործունեությունը։ Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ինստիտուտը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով։
Հաջորդիվ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների և փորձագետների հետ, որոշում կկայացնի ինստիտուտին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին։
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2016 թվականին ՀՖԿՍՊԻ-ին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, 2022 թվականին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։