Ինչպե՞ս հավաստել, որ ուսանողն իսկապես ձեռք է բերել կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքները։ Ինչպե՞ս փոխել դասավանդման և գնահատման մոտեցումները, որպեսզի ուսանողը ոչ միայն գիտելիք ձեռք բերի, այլև կարողանա այն կիրառել։ Ի՞նչ դեր ունի որակի արտաքին ապահովումն այս փոփոխությունների իրականացման գործում։
Այս հարցերն առանցքային էին նոյեմբերի 18-ին՝ Երևանում տեղի ունեցած Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի (TPG C) 5-րդ հանդիպման շրջանակում կազմակերպված մասնագիտական քննարկման ընթացքում։
«Կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստող փաստերի դերն արդյունավետ ինքնագնահատման գործընթացում» թեմայով պանելային քննարկմանը հայաստանյան երեք բուհերի ներկայացուցիչներ եվրոպական գործընկերներին ներկայացրել են կրթական ծրագրերի բարելավման իրենց փորձը, իրականացված փոփոխությունները, ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։
Քննարկման մեկնարկին ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի համանախագահ Վարդուհի Գյուլազյանն ընդգծել է վերջնարդյունքահեն կրթության կարևորությունը բարձրագույն կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման գործընթացներում։ Նա կարևորել է պանելային քննարկումը՝ որպես հայաստանյան բուհերի փորձը եվրոպական գործընկերներին ներկայացնելու, կրթական ծրագրերի բարելավման մոտեցումների և առկա մարտահրավերների շուրջ մասնագիտական երկխոսություն ծավալելու հնարավորություն։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն անդրադարձել է Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում ընթացող բարեփոխումներին, պարտադիր ծրագրային հավատարմագրման ներդրմանը և կրթական վերջնարդյունքների փաստացի ձեռքբերման կարևորությանը։
Ընդգծվել է, որ կրթական ծրագրերում վերջնարդյունքների սահմանումն ինքնին դեռևս չի հավաստում դրանց ձեռքբերումը։ Չնայած հայաստանյան բուհերում վերջնարդյունքները սահմանվել են դեռևս 2006 թվականից, դասավանդման և գնահատման գործընթացները հաճախ շարունակում են հիմնված լինել թեմաների, այլ ոչ թե ակնկալվող վերջնարդյունքների վրա։ Այս համատեքստում կարևորվել է ուսանողների կարողությունների աստիճանական զարգացման քարտեզագրումը, համապատասխան գնահատման առաջադրանքների և չափանիշների մշակումը, ինչպես նաև վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստող փաստերի վերհանումը։
Հայաստանյան բուհերի փորձը․ ի՞նչ է փոխվում կրթական ծրագրերում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի փորձի ներկայացման առանցքում շինարարության ոլորտի կրթական ծրագրի բարելավման առաջարկվող մոդելն էր, որի ելակետը ոչ թե դասավանդվող առարկաներն են, այլ շրջանավարտից ակնկալվող գիտելիքներն ու կարողությունները։
Ներկայացվել են կրթական ծրագրի և առանձին դասընթացների վերջնարդյունքների փոխկապակցման, ուսումնական պլանի վերանայման, ինտեգրված նախագծերի ներդրման, գնահատման առաջադրանքների և չափանիշների մշակման մոտեցումները։ Մշակվել է նաև փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզ՝ աշխատանքների հաջորդականության, ժամկետների և պատասխանատուների սահմանմամբ։
Գործնական օրինակով ներկայացվել է, թե ինչպես կարող է ուսանողը շինարարական աշխատանքների պլանավորման, անհրաժեշտ աշխատուժի ու սարքավորումների հաշվարկման և աշխատանքների ժամանակացույցի կազմման միջոցով դրսևորել ձեռք բերած մասնագիտական կարողությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել գնահատման նվազագույն ընդունելի շեմերի, մասնագիտական առաջադրանքներում թույլատրելի և անթույլատրելի սխալների սահմանմանը։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչները կիսվել են «Առողջապահության կառավարում և պլանավորում» մագիստրոսական և «Ֆարմացիա» կրթական ծրագրերի բարելավման փորձով։
«Առողջապահության կառավարում և պլանավորում» կրթական ծրագրի դեպքում ինքնագնահատման և ՈԱԱԿ-ի հետ մասնագիտական համագործակցության արդյունքում վերանայվել են ծրագրի վերջնարդյունքները, դասավանդման և գնահատման մեթոդները՝ գիտելիքների ձեռքբերումից շեշտադրումը տեղափոխելով դրանց կիրառման և մասնագիտական կարողությունների զարգացման վրա։
Կառուցողական համահնչեցման միջոցով քարտեզագրվել է, թե ինչպես է յուրաքանչյուր վերջնարդյունք ձևավորվում, զարգանում և լիարժեք ձեռք բերվում տարբեր դասընթացների շրջանակում, ինչ առաջադրանքներ են կատարում ուսանողները և ինչ փաստերով է հավաստվում վերջնարդյունքների ձեռքբերումը։ Գնահատման համակարգում թեստային առաջադրանքները համալրվել են վերլուծական և կիրառական առաջադրանքներով, իսկ գործնական կարողությունների գնահատման համար օգտագործվում են պրակտիկայի հաշվետվություններն ու պրակտիկայի ղեկավարների գնահատումները։
«Ֆարմացիա» կրթական ծրագրերի բարելավման շրջանակում շեշտադրվել են միջառարկայական ուսումնառությունը, գործնական և հետազոտական կարողությունների զարգացումը, գնահատման մեթոդների բազմազանեցումը։ Ներկայացվել են նաև ուսանողների գործնական հմտությունների անմիջական դիտարկմամբ գնահատման, սիմուլյացիոն գործիքների մշակման և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Երևանի պետական համալսարանի փորձի ներկայացման շրջանակում անդրադարձ է կատարվել «Արաբագիտություն» կրթական ծրագրում բովանդակահեն կրթությունից վերջնարդյունքահեն կրթության անցմանը։
Ինքնագնահատման ընթացքում բացահայտվել են սահմանված վերջնարդյունքների և դասավանդման ու գնահատման իրական գործընթացների միջև առկա անհամապատասխանությունները։ Վերանայվել է կրթական ծրագրի կառուցվածքը, հստակեցվել է մասնագիտական գիտելիքների և դրանց կիրառման համար անհրաժեշտ կարողությունների կապը, վերաձևակերպվել են ծրագրային վերջնարդյունքները։
Կարևոր քայլ է եղել դասախոսական կազմի ներգրավումը փոփոխությունների գործընթացում։ Կազմակերպված վերապատրաստման արդյունքում դասախոսները վերանայել են իրենց դասընթացները՝ ուշադրություն դարձնելով կրթական ծրագրերի և դասընթացների վերջնարդյունքների համապատասխանությանը, դասավանդման ու գնահատման մեթոդների փոխկապակցվածությանը, ինչպես նաև դասընթացների հաջորդականությանն ու փոխլրացմանը։
Կրթական ծրագրերի փոփոխությունից դեպի որակի մշակույթի զարգացում
Հայաստանյան բուհերի ներկայացրած փորձը եվրոպական գործընկերների շրջանում ակտիվ մասնագիտական քննարկման առիթ է դարձել։ Հարցադրումները վերաբերել են ոչ միայն կրթական ծրագրերի կառուցվածքին և գնահատման գործիքներին, այլև բուհերում որակի մշակույթի զարգացմանը, դասախոսների մտածելակերպի փոփոխությանը և բարձրագույն կրթության առաքելությանը։
Կարևորվել է դասախոսների՝ որպես կրթական ծրագիր իրականացնող միասնական թիմի ձևավորումը։ Դասախոսը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր դասընթացի, այլև ամբողջ կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման համար։
Անդրադարձ է կատարվել նաև գործատուների ներգրավմանը կրթական ծրագրերի մշակման և գնահատման չափանիշների սահմանման գործընթացներում։ Ռուբեն Թոփչյանը կարևորել է գործատուների մասնակցությամբ մասնագիտական կարողությունների նվազագույն ընդունելի շեմերի՝ «կարմիր գծերի» սահմանումը, որոնք հնարավորություն են տալիս հստակեցնելու, թե ինչ սխալներն են անթույլատրելի մասնագիտական գործունեության ընթացքում և ինչ կարողություններ պետք է պարտադիր ձեռք բերի շրջանավարտը։
Քննարկվել է նաև ուսանողների ներգրավման շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունը՝ կրթության վերաբերյալ հետադարձ կապի տրամադրումից մինչև գնահատման արդյունքների, կիրառվող մեթոդների արդյունավետության և կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված գործողությունների քննարկում։
Միջազգային գործընկերներին հետաքրքրել են նաև Հայաստանում պարտադիր ծրագրային հավատարմագրման ներդրման անհրաժեշտությունը և դրա ազդեցությունը բուհերի որակի ներքին ապահովման համակարգերի զարգացման վրա։ Այս համատեքստում ընդգծվել է, որ ինստիտուցիոնալ մակարդակում սահմանված քաղաքականություններն ու ընթացակարգերը միշտ չէ, որ լիարժեք արտացոլվում են առանձին կրթական ծրագրերի իրականացման գործընթացներում։ Ծրագրային հավատարմագրումը հնարավորություն է տալիս առավել խորությամբ ուսումնասիրելու այդ գործընթացները և բացահայտելու բարելավման անհրաժեշտ ուղղությունները։
Ինչպե՞ս գնահատել այն, ինչ դժվար է չափել
Ինչպե՞ս ապահովել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը՝ միաժամանակ պահպանելով բարձրագույն կրթության հիմնարար և հետազոտական բաղադրիչները։ Ինչպե՞ս գնահատել քննադատական մտածողությունը, ինքնուրույն դատողությունը, մտավոր հետաքրքրասիրությունն ու նոր գիտելիք ստեղծելու կարողությունը՝ առանց կրթությունը սահմանափակելու միայն հեշտ չափելի արդյունքներով։
Եվրոպական գործընկերների հետ քննարկման ընթացքում ընդգծվել է, որ վերջնարդյունքների գնահատման նպատակն ամեն ինչ չափելի դարձնելը չէ։ Կարևոր է, որ ուսանողի ձեռքբերումների վերաբերյալ մասնագիտական դատողությունները լինեն հիմնավորված, փաստահեն և թափանցիկ՝ միաժամանակ պահպանելով ուսումնառության բազմազանությունն ու բարդությունը։
Բուհերի ներկայացրած փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող են ինքնագնահատումը, հավատարմագրումը և ՈԱԱԿ-ի հետ շարունակական մասնագիտական համագործակցությունը հանգեցնել կրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, դասավանդման և գնահատման մեթոդների վերանայման, դասախոսների դերակատարության ամրապնդման և ուսանողների իրական ձեռքբերումների նկատմամբ ուշադրության մեծացման։
Երևանյան քննարկումը հնարավորություն է ընձեռել հայաստանյան բուհերին ոչ միայն եվրոպական գործընկերների հետ կիսելու իրենց փորձը, այլև համատեղ անդրադառնալու այն հիմնախնդիրներին, որոնք արդիական են բարձրագույն կրթության տարբեր համակարգերի համար։