Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) հերթական առցանց հանդիպումը, որին մասնակցել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, «Ուսանողության ձայն» նախագծի պատասխանատու Մերի Բարսեղյանը։
«Ուսանողների և ասպիրանտների ներդրումը որակի ապահովման գործընթացներում» թեմայի շրջանակում ներկայացվել են ուսանողների ներգրավման ուղղությամբ ՈԱԱԿ-ի երկարամյա փորձառությունը, «Ուսանողության ձայն» նախագծի ձեռքբերումները և երիտասարդ հետազոտողների հետ համագործակցության նոր ուղղությունները։
Ուսանողները՝ կրթության որակի գնահատման և բարելավման ակտիվ մասնակիցներ
2011 թվականից ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող «Ուսանողության ձայն» ծրագիրը տարիների ընթացքում զարգացել է՝ ուսանողների կողմից տեղեկատվության հավաքագրումից անցում կատարելով փաստերի վերլուծությանը, ուսումնական հաստատությունների հետ արդյունքների քննարկմանը և կրթության բարելավման գործընթացներին անմիջական մասնակցությանը։
Ներկայացվել են ուսանողների ներգրավման հիմնական ուղղությունները․
- որակի ներքին ապահովման և ինքնագնահատման գործընթացներին մասնակցություն,
- ուսանող-փորձագետների պատրաստում և ներգրավում հավատարմագրման գործընթացներում,
- բուհերի կառավարման մարմիններում ընդգրկված ուսանողների կարողությունների զարգացում,
- միջբուհական համագործակցություն, ուսանողական համաժողովներ և մասնագիտական քննարկումներ։
Անդրադարձ է կատարվել ուսանող-փորձագետների պատրաստման փուլերին և փորձագիտական խմբերում նրանց դերակատարությանը։ Ուսանող-փորձագետներն ուսումնասիրում են հաստատությունների ինքնագնահատման զեկույցներն ու հիմնավորող փաստերը, գնահատում ուսանողների ուսումնառության փորձը, մասնակցում փորձագիտական եզրահանգումների և բարելավման առաջարկությունների ձևակերպմանը։
Հայաստանյան ուսանող-փորձագետները՝ նաև միջազգային որակի ապահովման գործընթացներում
Կարևոր ձեռքբերում է նաև հայաստանյան ուսանողների ներգրավումը միջազգային որակի ապահովման գործընթացներում։ Տարբեր տարիների ՈԱԱԿ-ի 8 ուսանող-փորձագետներ ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում՝ հնարավորություն ստանալով իրենց փորձն ու կարողությունները կիրառել նաև միջազգային գնահատումների շրջանակում։
Համագործակցության նոր ուղղություն․ ասպիրանտների ներգրավումը որակի ապահովման գործընթացներում
Ուսանողների հետ համագործակցության տարիների փորձի հիման վրա ՈԱԱԿ-ը զարգացնում է նաև ասպիրանտների ներգրավման նոր մոտեցումներ՝ կարևորելով նրանց հետազոտական և վերլուծական կարողությունների կիրառումը կրթության որակի գնահատման ու բարելավման գործընթացներում։
Ասպիրանտների ներգրավումը հատկապես կարևորվում է Հայաստանում ծրագրային հավատարմագրման ընդլայնման համատեքստում, երբ առավել մեծ նշանակություն են ստանում կրթական ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, ներկայացված փաստերի արժանահավատությունը և դրանց հիման վրա կատարվող եզրահանգումները։
Առանցքային գաղափարն այն էր, որ ուսանողները կարող են ներկայացնել, թե ինչպես են իրենք զգում և ընկալում կրթության որակը, իսկ ասպիրանտներն իրենց հետազոտական կարողություններով կարող են նպաստել կրթության որակը հավաստող փաստերի ուսումնասիրությանն ու գնահատմանը։
ՈԱԱԿ-ի մոտեցման հիմքում ուսանողներին և ասպիրանտներին ոչ միայն որպես հետադարձ կապ տրամադրող շահակիցներ, այլև որպես կրթության որակի ուսումնասիրության, գնահատման և բարելավման գործընկերներ դիտարկելու գաղափարն է։