Կրթական ծրագրի արդյունավետությունը չափվում է այն կարողություններով, որոնք ուսանողը ձեռք է բերում ուսումնառության ավարտին։ Այս շեշտադրմամբ մայիսի 20-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում։
Մշտադիտարկման առանցքում էր հարցը՝ ինչպե՞ս են ուսանողին տրվող առաջադրանքը, դասավանդման մեթոդը և գնահատումը նպաստում կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը։ Քննարկումները կազմակերպվել են քոլեջի ղեկավար կազմի, որակի ապահովման պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթական ծրագրերի վերջնարդյունքների քարտեզագրմանը, առաջադրանքների վերանայմանը և գնահատման ձևաչափերի համապատասխանեցմանը։ Կարևորվել է, որ ծրագրերի բարելավումը տեսանելի լինի ոչ միայն փաստաթղթերում, այլև դասավանդման կազմակերպման, գործնական առաջադրանքների, պրակտիկայի և ուսանողի ձեռքբերած արդյունքների մակարդակում։
Շեշտվել է, որ յուրաքանչյուր առաջադրանք պետք է ունենա հստակ նպատակ․ ինչ կարողություն է ձևավորում, որ վերջնարդյունքի ձեռքբերմանն է նպաստում և ինչ չափանիշներով է գնահատվում։ Այս մոտեցմամբ գնահատումը դիտարկվում է ոչ միայն որպես միավոր նշանակելու, այլև որպես ուսանողի առաջընթացը տեսանելի դարձնելու և ուսումնառությունը բարելավելու գործիք։
Անդրադարձ է կատարվել նաև գործատուների հետ համագործակցության բովանդակային խորացմանը։ Ընդգծվել է, որ գործատուներից ստացվող հետադարձ կապը պետք է միտված լինի շրջանավարտների կոնկրետ կարողությունների վերհանմանը․ որ կարողություններն են ուժեղ, որոնք են զարգացման կարիք ունենում, և ինչը կարող է դառնալ քոլեջի շրջանավարտի մրցակցային առավելությունն աշխատաշուկայում։
Քննարկվել է նաև պրակտիկայի դերը՝ որպես կրթական ծրագրի վերջնարդյունքների ձեռքբերման և հավաստման կարևոր բաղադրիչ։ Կարևորվել է, որ պրակտիկայի ընթացքում կատարվող առաջադրանքները, գործատուի հետադարձ կապը և ուսանողի կատարած աշխատանքը կապվեն ծրագրով նախատեսված մասնագիտական կարողությունների հետ։
Մշտադիտարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսանողների մասնագիտական թվային կարողությունների զարգացմանը, օտար լեզուների դասավանդման արդյունավետության գնահատմանը, դասախոսների վերապատրաստումներին և սկսնակ դասախոսների աջակցության մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը։
Որակի ներքին ապահովման համակարգի տեսանկյունից կարևորվել է բովանդակային տվյալների հավաքագրումը և վերլուծությունը՝ որպես կրթական ծրագրերի, դասավանդման, գնահատման և պրակտիկայի շարունակական բարելավման հիմք։ Շեշտվել է, որ տոկոսային ցուցանիշները պետք է լրացվեն որակական վերլուծություններով, որոնք ցույց կտան գործընթացների ազդեցությունն ուսանողի ուսումնառության վրա։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետներն ամփոփել են քննարկումների արդյունքները և կարևորել, որ քոլեջը հաջորդ փուլում հավաքագրված տվյալներն օգտագործի կրթական ծրագրերի, առաջադրանքների, գնահատման և պրակտիկայի շարունակական բարելավման համար։