Ապրիլի 9-ին ՈԱԱԿ-ում մեկնարկեց «Ուսանողության ձայն» նախագծի ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցում են ՀՀ բուհերի ուսանողները։
Դասընթացի սկզբում մասնակիցները ներկայացրին իրենց պատկերացումներն ուսանողակենտրոն ուսուցման վերաբերյալ՝ կարևորելով ուսանողների ակտիվ ներգրավվածությունը, կարողությունների զարգացումը, ինքնարտահայտման հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների իրավունքների և կարիքների հաշվառումը կրթական գործընթացում։
Նշվեց, որ ուսանողակենտրոն ուսուցումը տարբեր կրթական հաստատություններում տարբեր կերպ է մեկնաբանվում․ չնայած նրան, որ յուրաքանչյուր բուհ ինքն է սահմանում իր մոտեցումները, ՈԱԱԿ-ի տեսանկյունից առաջնայինն ուսուցման գործընթացի արդյունավետությունն է՝ արդյոք ուսանողն ավարտելով տվյալ հաստատությունը դառնում է մասնագետ, և որքանով է նրա որակավորումն արժանահավատ։
«Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանը ներկայացրեց դասընթացի ծրագիրը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացի նպատակներն ու էությունը՝ ընդգծելով, որ․
- ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ է, և նրա շնորհած հավատարմագրումները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում,
- Հայաստանում հավատարմագրման պետական չափանիշները համահունչ են միջազգային չափանիշներին և հիմնված են միջազգային ուղենիշների վրա։
Դասընթացի շրջանակում ուսանողները կծանոթանան ուսանող-փորձագետների գործունեությանը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշներին, ինչպես նաև կզարգացնեն արդյունահենք հարցադրումներ ձևակերպելու և վերլուծական եզրահանգումներ կատարելու հմտությունները։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր, կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում և հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու հավատարմագրման գործընթացներին՝ որպես փորձագիտական խմբերի անդամներ։