Հուլիսի 17-ին ՈԱԱԿ-ում «Ուսանողության ձայն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի հերթական հանդիպումը՝ նվիրված հավատարմագրման գործընթացում հարցադրումների, փաստերի վերլուծության և գնահատման հմտությունների զարգացմանը։
Քննարկման առանցքում արդյունահենք հարցերի ձևակերպումն էր։ Ուսանող-փորձագետները վերլուծել են, թե ինչպես կարելի է հարցերի միջոցով պարզել ոչ միայն, թե ինչ գործընթացներ և մեխանիզմներ են գործում հաստատությունում, այլև՝ ինչ ազդեցություն են դրանք ունենում դասավանդման, ուսումնառության և նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերման վրա։
Գործնական աշխատանքի ընթացքում դասընթացի մասնակից ուսանողները ձևակերպել են հարցեր՝ ուղղված ուսուցման կազմակերպմանը, սովորելու գործընթացում ուսանողի դերին, գնահատման եղանակներին և հետադարձ կապի արդյունավետությանը։ Անդրադարձ է կատարվել նաև տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համադրմանը՝ փաստերի հավաստիությունն ու փոխկապակցվածությունը գնահատելու նպատակով։
Կարևորվել է փաստերի արձանագրումից դեպի հիմնավորված գնահատում անցնելու կարողությունը։ Քննարկվել է, թե հավաքված տվյալներն ինչ կարող են ցույց տալ կրթության որակի մասին, ինչ խնդիրներ են բացահայտում և որքանով են կիրառվող մեխանիզմները նպաստում սահմանված նպատակների իրականացմանը։
«Ուսանողության ձայն» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպումները նպաստում են ուսանող-փորձագետների կարողությունների շարունակական զարգացմանը՝ աստիճանաբար նախապատրաստելով նրանց փորձագիտական խմբերի աշխատանքին։