Հունիսի 16-ին Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական առցանց աշխատաժողովը, որին մասնակցել են ծրագրի հիմնական և ասոցացված գործընկերները։ Աշխատաժողովի ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրել են «Որակի ներքին ապահովման համակարգը» չափանիշի շրջանակում մշակված SWOT վերլուծությունները և ստացել հետադարձ կապ ՈԱԱԿ մասնագետներից։
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց որակի ներքին ապահովման համակարգի կառուցվածքին և գործառույթներին։ Ընդգծվեց, որ արդյունավետ որակի ապահովման համակարգը պետք է նպաստի հաստատության բոլոր գործընթացների շարունակական բարելավմանը և որակի մշակույթի ձևավորմանը։ Այս համատեքստում քննարկվեցին որակի ապահովման քաղաքականության, ձեռնարկների, կարգերի և այլ կարգավորող փաստաթղթերի կիրառման մեխանիզմները, ինչպես նաև տվյալների հավաքագրման, վերլուծության, որոշումների կայացման և բարելավումների իրականացման ամբողջական շղթան։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց որակի ապահովման պատասխանատուների դերակատարությանը։ Նշվեց, որ նրանք պետք է ունենան հստակ գործիքակազմ և մեխանիզմներ՝ հաստատության տարբեր ստորաբաժանումներին մասնագիտական աջակցություն և հետադարձ կապ տրամադրելու, ինչպես նաև բարելավման գործընթացները համակարգելու համար։
Քննարկումների ընթացքում նշվեց նաև տվյալների հավաքագրման և վերլուծության կարևորությունը։ Հարցումների, գնահատումների և այլ հետադարձ կապի գործիքների արդյունքները SWOT վերլուծություններում պետք է ներկայացվեն ոչ միայն որպես փաստ, այլև որպես հիմնավորում՝ ցույց տալով դրանց կապը բացահայտված ուժեղ և թույլ կողմերի, զարգացման հնարավորությունների կամ ռիսկերի հետ։ Կարևորվեց, որ իրականացված վերլուծությունները լինեն հստակ հիմնավորված, իսկ SWOT վերլուծությունները՝ տվյալների վրա հիմնված և ապացույցներով ամրապնդված։
Ամփոփելով աշխատաժողովը՝ ընդգծվեց, որ որակի ներքին ապահովման համակարգի արդյունավետությունը գնահատվում է ոչ թե առանձին գործիքների կամ փաստաթղթերի առկայությամբ, այլ այն բանի միջոցով, թե որքանով են հավաքագրված տվյալները վերածվում հիմնավորված որոշումների, բարելավման գործողությունների և կրթական հաստատության շարունակական զարգացման արդյունքների։ Տվյալահենք SWOT վերլուծությունը կարևոր գործիք է կրթական հաստատությունների ինքնագնահատման, զարգացման առաջնահերթությունների սահմանման և որակի մշակույթի ամրապնդման համար։