Ապրիլի 6-9-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Ռուս-Հայկական համալսարանում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սարգիս Ասատրյանցը։ Խմբի անդամներն են Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի բարձրագույն կրթության փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, Վարշավայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Միսչեսլավ Սոխան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գիտնական, Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ռուսլան Սմելյանսկին, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի Միջազգային նախագծերի ուղղությամբ փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Ասցատրյանը, ՀՊՏՀ «Տնտեսագիտության տեսության» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Տաթևիկ Մկրտչյանը, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Հովհաննիսյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռեկտորի գլխավոր խորհրդականի, ինստիտուտների ղեկավարների, ամբիոնների վարիչների, Կրթական քաղաքականության և կրթության որակի վերահսկման վարչության ղեկավարի, ստորաբաժանումների ղեկավարների, ՄԿԾ-ների պատասխանատուների, հիմնական և համատեղությամբ աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների, որակի ապահովման պատասխանատուների, գործատուների ներկայացուցիչների հետ, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Տնտեսագիտություն», «Անլար հաղորդակցություն և սենսորներ» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: