Նոյեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել Էրազմուս+ KPI4HE՝ «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի եզրափակիչ համաժողովը։
Համաժողովի ընթացքում ամփոփվել են ծրագրի արդյունքները, ներկայացվել բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակը և քննարկվել դրա կիրառման հնարավորությունները բարձրագույն կրթության կառավարման և որակի ապահովման գործընթացներում։
Համաժողովի բացմանը ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորել է ծրագրի դերը Հայաստանում որակի գնահատման նոր մշակույթի ձևավորման գործում։ Նա ընդգծել է, որ տվյալների հավաքագրումից բացի անհրաժեշտ է ապահովել դրանց չափման հստակ մեթոդաբանություն, արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն՝ հաշվի առնելով բուհերի և կրթական ծրագրերի առանձնահատկությունները։ Նա նաև շեշտել է կատարողական ցուցանիշների ինտեգրման կարևորությունը գործող հավատարմագրման և որակի ապահովման մեխանիզմներում։
ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրել է ԳԱՑ-երի ազգային շրջանակի այն ցուցանիշները, որոնք ներառվել են ինստիտուցիոնալ կարողությունների գնահատման հարցաշարում և հետագայում կիրառվելու են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում։ Նա կարևորել է այդ ցուցանիշների դերը բուհերի գործունեության փաստահեն գնահատման, տվյալահենք որոշումների կայացման և որակի շարունակական բարելավման գործընթացներում։
Էրազմուս+ KPI4HE ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի համակարգմամբ՝ հայաստանյան և եվրոպական 12 գործընկեր հաստատությունների մասնակցությամբ։