«Համավարակի ընթացքում մասնագիտական կրթության առցանց կազմակերպումն ուսանողների աչքերով»․ այս թեմայով հետազոտություն է իրականացվել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում։
Հետազոտության նպատակն է վեր հանել ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում առցանց ուսուցման կազմակերպման դրական փորձը, ուժեղ և թույլ կողմերը, հիմնական խնդիրները և հավաքագրել ուսանողների առաջարկները իրենց իսկ բարձրաձայնած խնդիրների լուծման ուղղությամբ։
Փետրվարի 19-ին հետազոտության նախնական տարբերակը ներկայացվեց ՈԱԱԿ աշխատակազմի քննարկմանը։ ՈԱԱԿ մասնագետները դիտարկեցին արձանագրված պատկերը, ներկայացրեցին իրենց կարծիքը և առաջարկությունները հետազոտության բովանդակային և կառուցվածքային բարելավման ուղղությամբ։
Առաջիկայում «Ուսանողության ձայնի» անդամները, հաշվի առնելով բարելավման ուղղությամբ առաջարկները, հետազոտությունն ավարտուն տեսքի կբերեն, որից հետո այն հասանելի կլինի նաև ՈԱԱԿ-ի կայքում։