Նոյեմբերի 20-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջում։
Մշտադիտարկման նպատակն էր ուսումնասիրել քոլեջում իրականացվող որակի ապահովման գործընթացները, գնահատել դրանց արդյունավետությունը և դիտարկել հավատարմագրումից հետո արձանագրված փոփոխություններն ու բարելավումները։
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման կենտրոնի պատասխանատուների հետ։
Մշտադիտարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հավատարմագրումից հետո քոլեջի գործունեության տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացին և հետագա բարելավման հնարավորություններին։
Քննարկումների արդյունքում որպես դրական զարգացումներ նշվել են՝
- Համագործակցային աշխատանքային միջավայրի ձևավորումը։ Կարևորվել է քոլեջի ղեկավարության, դասախոսական կազմի և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը հաստատության զարգացմանն ուղղված գործընթացներում, ինչպես նաև նրանց համատեղ և հետևողական աշխատանքը։
- Գործատուների ակտիվ ներգրավվածությունը։ Ընդգծվել է գործատուների մասնակցությունն քոլեջի գործունեության տարբեր փուլերին՝ դասավանդումից մինչև կրթական ծրագրերի իրականացում, ինչը նպաստում է կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև կապի ամրապնդմանը։
- Գործնական ուսուցման կարևորումը։ Դրական է գնահատվել ուսանողների անմիջական ներգրավվածությունն արտադրական գործընթացներում, ինչը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքներին զուգահեռ զարգացնելու մասնագիտական կարողություններն ու գործնական հմտությունները։
- Միջազգային համագործակցության ընդլայնումը։ Արձանագրվել է միջազգային համագործակցության զարգացումը և այդ գործընթացներում դասախոսների ակտիվ մասնակցությունը։ Կարևորվել է միջազգային փորձի ձեռքբերումը, դրա փոխանցումը գործընկերներին և ունեցած ազդեցությունը դասախոսների մասնագիտական զարգացման վրա։
- Որակի ապահովման գործընթացների զարգացումը։ Ընդգծվել է, որ քոլեջը, ներքին որակի ապահովման գործընթացներին զուգահեռ, ներգրավվել է նաև որակի ապահովման միջազգային գործընթացներում՝ ընդլայնելով իր փորձառությունն ու բարելավման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին ՈԱԱԿ մասնագետներն քոլեջի ղեկավարության հետ քննարկել են հետագա բարելավման առաջնային ուղղությունները։ Առանձնակի կարևորվել է որակի ներքին ապահովման համակարգի դերը խնդիրների բացահայտման, իրականացվող փոփոխությունների արդյունավետության գնահատման և կրթական գործընթացների շարունակական բարելավման գործում։
Նշենք՝ Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը հավատարմագրվել է 2024 թվականին։