Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի ոլորտում կրթության գերազանցության միջազգային կենտրոնի (THE-ICE) գլխավոր գործադիր տնօրեն Պաուլին Թանգի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախագահ Սուսաննա Կարախանյանը, ՈԱԱԿ մասնագետները և զբոսաշրջության և սպասարկման ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող հայաստանյան բուհերի ներկայացուցիչները։
Տիկին Թանգը ներկայացրեց Տուրիզմի և հյուրանոցային բիզնեսի ոլորտում կրթության գերազանցության միջազգային կենտրոնի ստեղծման պատմությունը և գործունեությունը։ Նա նաև պատմեց, թե որակի ապահովման ինչ չափանիշներ և չափորոշիչներ են կիրառում ողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտի կրթական ծրագրերը հավատարմագրելիս։
Հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին տիկին Թանգին, քննարկիեցին, թե ներկայացված միջազգային փորձից որն է կիրառելի Հայաստանում։
Զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի ոլորտում կրթության գերազանցության միջազգային կենտրոնը հավատարմագրման միջազգային գործակալություն է և ոլորտի որակի ապահովման կազմակերպություններին միավորող ցանց։
Կառույցն ի սկզբանե հիմնադրվել է Ավստրալիայի դաշնային կառավարության կողմից 2004թ․՝ երկրի ներսում ոլորտային կրթական ծրագրերի որակի ապահովման նպատակով։ Որակի ապահովման գործակալությունն ազգայինից վերածվել է միջազգայինի՝ գործունեության տարիների ընթացքում հավատարմագրելով շուրջ 400 կրթական ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում։