Մարտի 26-27-ին ՈԱԱԿ մասնագետները թեմատիկ վերապատրաստում իրականացրին 2026թ․ ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլում գտնվող ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների համար։
Վերապատրաստմանը մասնակցած մասնագետները հետագայում կընդգրկվեն իրենց հաստատությունների ինքնավերլուծություն իրականացնող խմբերում՝ հավատարմագրման 10 չափանիշների շրջանակում վերլուծելու ուսումնական հաստատությունների գործունեությունը։
Հանդիպման մեկնարկին ամփոփվեցին նախորդ վերապատրաստման ընթացքում ներկայացված 3-րդ, 5-րդ և 7-րդ չափանիշները։ Մասնակիցները բարձրաձայնեցին ինքնավերլուծության գործընթացում այդ չափանիշների լրացման ընթացքում առաջացած հարցերը, որոնց վերաբերյալ ստացան անհրաժեշտ մասնագիտական պարզաբանումներ։
Երկօրյա վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին նաև 1-ին և 2-րդ չափանիշները։ Քննարկումները կենտրոնացած էին՝
- կրթական հաստատության առաքելության և նպատակների ձևակերպման,
- կառավարման համակարգի և դրա արդյունավետության գնահատման վրա։
Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից էր խմբային աշխատանքը։ Մասնակիցները բաժանվեցին երեք խմբի և քննարկեցին, թե՝
- ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ կառավարման արդյունավետությունը գնահատելու համար,
- ի՞նչ ցուցիչներով պետք է իրականացվի վերլուծությունը,
- ինչպե՞ս ներկայացնել արդյունքներն ինքնավերլուծության մեջ։
Խմբային քննարկումներից հետո մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, որոնք դարձան ընդհանուր քննարկման և փորձի փոխանակման հիմք։
Վերապատրաստման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները շեշտեցին, որ ինքնավերլուծության գործընթացում առանցքային է ոչ թե նկարագրությունը, այլ վերլուծությունը՝ հիմնված փաստերի և տվյալների վրա։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև այն հարցին, թե յուրաքանչյուր չափանիշի չափորոշիչների շրջանակում ինչ բովանդակություն պետք է ներկայացվի։
Ընդգծվեց, որ վերահավատարմագրվող հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց ձեռքբերումները, բարելավումները և առաջընթացը՝ հստակ ցույց տալով, թե որ փուլում են գտնվում տվյալ գործընթացներում և հիմնավորելով դրանք օրինակներով։
Կարևորվեց նաև, որ ինքնավերլուծությունը պետք է կառուցվի հնարավորինս հավաստի տվյալների և հստակ օրինակների հիման վրա՝ անկախ նրանից՝ հաստատությունը առաջին անգամ է անցնում հավատարմագրում, վերահավատարմագրվում է, թե գտնվում է վերակազմավորման փուլում։
Նշվեց, որ նախատեսվում է ևս մեկ հանդիպում՝ հավատարմագրման գործընթացին առավել արդյունավետ պատրաստվելու նպատակով։
Հավատարմագրումը շարունակական գործընթաց է, որի նպատակն է ապահովել կրթության որակի կայուն զարգացումը և հաստատությունների արդյունավետ գործունեությունը։