Ապրիլի 14-15-ին ՈԱԱԿ մասնագետները թեմատիկ վերապատրաստում իրականացրին 2026թ․ ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլում գտնվող ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների համար։
Վերապատրաստմանը մասնակցած մասնագետները հետագայում կընդգրկվեն իրենց հաստատությունների ինքնավերլուծություն իրականացնող խմբերում՝ հավատարմագրման 10 չափանիշների շրջանակում վերլուծելու ուսումնական հաստատությունների գործունեությունը։
Հանդիպման մեկնարկին ամփոփվեցին նախորդ վերապատրաստման ընթացքում ներկայացված 1-ին և 2-րդ չափանիշները։ Մասնակիցները բարձրաձայնեցին ինքնավերլուծության գործընթացում այդ չափանիշների լրացման ընթացքում առաջացած հարցերը, որոնց վերաբերյալ ստացան անհրաժեշտ մասնագիտական պարզաբանումներ։
Երկօրյա վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին նաև 6-րդ, 9-րդ և 10-րդ չափանիշները, որոնց քննարկումները կենտրոնացան հետևյալ թեմաների շուրջ.
- Հետազոտություն և զարգացում,
- Արտաքին կապեր և միջազգայնացում,
- Որակի ներքին ապահովման համակարգ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ի՞նչ է հետազոտությունը ՄԿՈՒ հաստատությունում։ ՈԱԱԿ մասնագետները նշեցին, որ հետազոտությունը ՄԿՈՒ հաստատություններում մասնագիտական աշխատանքի որակի նպատակային բարելավման գործընթաց է։ Կարևոր է, որ հետազոտական աշխատանքը կապված լինի ուսանողի մասնագիտության հետ՝ կարողությունների զարգացման նպատակով։ Կարևորվում է ուսանողի ինքնուրույնությունը՝ հետազոտական աշխատանքի ընթացքում կարողանա մասնագիտական որոշում կայացնել, կատարել վերլուծություն և տվյալների հավաքագրում։ Կարևորվում է նաև հետազոտող դասախոսի դերը՝ նրա փորձը մասնագիտության մեջ։ Դասախոսը պետք է մոտիվացված լինի և ուսումնասիրի իր ոլորտի լավագույն փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես է այն զարգանում։
Կարևոր շեշտադրում․
- Հետազոտությունը ներկառուցված է ուսումնական գործընթացում, ոչ թե առանձին գործունեություն է։
- Այն ուղղված է կոնկրետ արդյունքի կամ գործընթացի բարելավմանը։
- Այն զարգացնում է մասնագիտական որոշում կայացնելու կարողություն։
Արտաքին կապերիր միջոցով ՄՈՒՀ-ը խրախուսում է փորձի փոխանակումը և զարգացումը՝ նպաստելով հաստատության միջազգայնացմանը։
Հիմնական հարց՝ արդյո՞ք քոլեջի արտաքին կապերը նպաստում են կրթական ծրագրերի արդիականացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությանը, ուսանողների գործնական կարողությունների զարգացմանը և պատրաստվածությանը, ռեսուրսների արդիականացմանը և միջազգային փորձի փոխանակմանը։
Կարևոր շեշտադրում․
- Կրթական ծրագրերի արդիականացում․ ծրագրերի պարբերաբար թարմացում և կատարելագործում ըստ միջազգային ստանդարտների։
- Աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն․ ծրագրերի հարմարեցում գործատուների ընթացիկ և ապագա կարիքներին։
- Ուսանողների գործնական կարողություններ․ փորձի և պրակտիկայի հնարավորությունների ապահովում իրական միջավայրում։
- Ռեսուրսների արդիականացում․ ժամանակակից տեխնոլոգիաների, լաբորատորիաների և նյութական բազայի կիրառում։
- Միջազգային կապերի ձևավորում․ համագործակցության ակտիվացում արտասահմանյան կրթական հաստատությունների հետ։
Ներկայացվեց նաև այն, որ ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման ներքին համակարգ, որը նպաստում է հաստատության բոլոր գործընթացների շարունակական բարելավմանը և որակի մշակույթի ձևավորմանը։
Կարևոր շեշտադրում․
- Ներկայացվում է հաստատությունում գործող որակի ապահովման ներքին համակարգի կառուցվածքը, գործառույթները և դրա դերը կրթական գործընթացների բարելավման մեջ։
- Նկարագրվում և վերլուծվում է որակի ապահովման գործընթացների ամբողջական հաջորդականությունը՝ տվյալների հավաքագրումից մինչև դրանց վերլուծություն և որոշումների կայացում։
- Նշվում են համակարգը կարգավորող հիմնական փաստաթղթերը (քաղաքականություն, ձեռնարկ, կարգեր) և դրանց կիրառման մեխանիզմները։
Նշվեց, որ նախատեսվում է ևս մեկ հանդիպում՝ հավատարմագրման գործընթացին առավել արդյունավետ պատրաստվելու նպատակով։
Հավատարմագրումը շարունակական գործընթաց է, որի նպատակն է ապահովել կրթության որակի կայուն զարգացումը և հաստատությունների արդյունավետ գործունեությունը։