2026 թվականի մարտի 23-24-ը Վրաստանի Կովկաս համալսարանը հյուրընկալեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ Ռուբեն Թոփչյանի ղեկավարությամբ։
Այցի շրջանակներում ստորագրվեցին համագործակցության հուշագրեր ինչպես Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ), այնպես էլ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որոնք նպաստում են երկկողմ և բազմակողմ ակադեմիական կապերի ամրապնդմանը և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ինստիտուցիոնալ զարգացման ուղղությունները, միջազգային համագործակցության հեռանկարները և բարձրագույն կրթության որակի ապահովման կարևորությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կրթական ծրագրերի միջազգային չափանիշներին համապատասխանեցման հարցերին։
Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին ակադեմիական ծրագրերի կառուցվածքը, դասավանդման և գնահատման ժամանակակից մոտեցումները: Հատուկ ուշադրություն դարձվեց ուսումնառության վերջնարդյուքների ձևակերպմանը, ուսանողական պորտֆոլիոների դերին և կրթական ծրագրերի որակի ներքին ու արտաքին գնահատման մեխանիզմներին։
Պատվիրակությունը հանդիպեց նաև ուսանողների հետ, լսեց նրանց տեսակետները դասավանդման և ուսուցման մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցեց ուսանողական աշխատանքների ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին ճարտարապետական ծրագրերում մշակված նախագծերը։
Այցի ընթացքում ձեռք բերված փորձը և քննարկումների արդյունքները կարևոր հիմք են ստեղծում հայկական կողմի համար՝ կրթական ծրագրերի արդիականացման և միջազգային հավատարմագրման գործընթացների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։
Այս այցը կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման, մասնագիտական կրթության որակի բարձրացման և տարածաշրջանում բարձրագույն կրթության զարգացմանը նպաստող լավագույն փորձերի փոխանակման տեսանկյունից։