Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում մեկնարկել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի նախնական գնահատման գործընթացը: Սեպտեմբերի 29-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի առաջին աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական գնահատման կազմակերպման հիմնական մոտեցումները՝ հաշվի առնելով քոլեջի արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առանձնահատկությունները։
Անդրադարձ է կատարվել՝
- արվեստի ուղղությամբ միջին մասնագիտական կրթության առանձնահատկություններին՝ կարևորելով ստեղծագործական ուսուցման, գործնական պատրաստվածության և մասնագիտական կարողությունների ձևավորման փոխկապակցվածությունը,
- ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում կրթական ծրագրերի դիտարկման մոտեցումներին՝ ուշադրություն դարձնելով դրանց բովանդակությանը, իրականացման ձևերին, գործնական բաղադրիչին և առկա ռեսուրսների նպատակային կիրառմանը,
- արվեստի կրթության առանձնահատկությունների արտացոլմանը քոլեջի ինստիտուցիոնալ գործընթացներում՝ դիտարկելով, թե որքանով են հաստատության միջավայրը, ռեսուրսներն ու կառավարման մոտեցումները նպաստում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման արդյունքում նախանշվել են փորձագիտական խմբի հետագա աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնք հիմք կծառայեն քոլեջի ինքնավերլուծության ուսումնասիրության և արտաքին գնահատման հաջորդ փուլերի համար։