Հուլիսի 10-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ «Ուսանողության ձայն» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացի ամփոփիչ հանդիպումը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները ստացան վկայականներ և համալրեցին ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան։
Ամփոփիչ քննարկման շրջանակում ուսանողները հանդիպեցին ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ուսանողակենտրոն կրթությանը, մասնագիտության նկատմամբ հետաքրքրասիրության ձևավորմանը, հարցադրումների դերին, գործնական փորձառությամբ դասախոսների ներգրավմանը և ուսանողի՝ որպես ինքնուրույն մասնագետի կայացմանը։
Ուսանողակենտրոն կրթությունը միայն ուսանողի ակնկալիքները բավարարելը չէ։ Այն ենթադրում է այնպիսի կրթական միջավայրի ձևավորում, որտեղ ուսանողը դառնում է սեփական ուսումնառության ակտիվ մասնակից՝ հարցեր է տալիս, ուսումնասիրում է, փորձում, վերլուծում և ինքնուրույն լուծումներ գտնում։
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ մասնագիտության նկատմամբ հետաքրքրասիրությունը սովորելու կարևոր շարժիչ ուժերից է։ Երբ ուսանողը հետաքրքրված է իր ընտրած մասնագիտությամբ, ցանկանում է հասկանալ ոչ միայն՝ ինչ պետք է անի, այլև՝ ինչու և ինչպես պետք է գործի։ Այդ հետաքրքրասիրությունն է նրան մղում խորացնելու գիտելիքները, բացահայտելու նոր խնդիրներ և շարունակաբար զարգացնելու մասնագիտական կարողությունները։
Հարց տալու կարողությունը դիտարկվեց որպես արդյունավետ ուսումնառության և փորձագիտական աշխատանքի հիմք։ Հարցերի միջոցով ուսանողը դուրս է գալիս պատրաստի պատասխանների շրջանակից, բացահայտում է երևույթների միջև կապերը, հասկանում խնդիրների պատճառները և ձևավորում սեփական հիմնավորված դիրքորոշումը։ Նույն տրամաբանությամբ՝ ուսանող-փորձագետի նպատակը միայն խնդիր արձանագրելը չէ, այլ համապատասխան հարցադրումների միջոցով խնդիրը խորությամբ հասկանալը և բարելավման հնարավոր ուղիների որոնմանը նպաստելը։
Քննարկման կարևոր առանցքներից էր նաև դասախոսի դերը ուսանողի մասնագիտական կայացման գործում։ Ընդգծվեց, որ գործնական փորձառություն ունեցող դասախոսը կարող է տեսական գիտելիքը կապել մասնագիտական իրական իրավիճակների հետ և ուսանողին ցույց տալ, թե ինչպես է գիտելիքը կիրառվում որոշումներ կայացնելիս և խնդիրներ լուծելիս։
Միաժամանակ դասախոսն ուսանողի համար մասնագիտական վարքագծի օրինակ է։ Դասախոսին տեսնելով՝ ուսանողը պետք է կարողանա պատկերացնել, թե ինչպիսի մասնագետ է ցանկանում դառնալ, ինչ պատասխանատվություն պետք է ստանձնի, ինչպես պետք է հաղորդակցվի և ինչ արժեքներով առաջնորդվի իր մասնագիտական գործունեության ընթացքում։
Անդրադարձ կատարվեց նաև տեսական և գործնական ուսումնառության հավասարակշռմանը։ Նշվեց, որ կրթության նպատակը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Ուսումնառության արդյունքը պետք է լինի մասնագետ, որը կարողանում է ինքնուրույն իրականացնել մասնագիտական աշխատանք, կիրառել ձեռք բերած գիտելիքները, լուծել անծանոթ խնդիրներ, կայացնել հիմնավորված որոշումներ և պատասխանատվություն կրել իր աշխատանքի արդյունքների համար։
Այս կարողությունների ձևավորման համար կարևորվեցին իրական մասնագիտական իրավիճակներին մոտ առաջադրանքները, գործնական ուսումնառությունը, մենթորությունը և զարգացնող հետադարձ կապը։ Փորձառու մասնագետների հետ աշխատանքը հնարավորություն է տալիս ուսանողին հասկանալու ոչ միայն մասնագիտական գործողությունների հաջորդականությունը, այլև դրանց հիմքում ընկած մտածողությունն ու որոշումների տրամաբանությունը։
Ամփոփելով հանդիպումը՝ նշվեց, որ ուսանող-փորձագետների մասնակցությունը որակի ապահովման գործընթացներին կարևոր է ոչ միայն ուսանողների տեսակետը ներկայացնելու, այլև կրթական գործընթացների շարունակական բարելավմանը նպաստելու տեսանկյունից։
Նոր ուսանող-փորձագետները միանում են մասնագիտական համայնքի, որի անդամները կառուցողական հարցադրումների, ապացույցների վերլուծության և շահակիցների հետ համագործակցության միջոցով նպաստում են առավել ուսանողակենտրոն, գործնական և վերջնարդյունահենք կրթության ձևավորմանը։
Հանդիպումն ավարտվեց դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնմամբ։