«Դասախոսների շրջանում ձևավորող գնահատման կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը սերմ է համակարգի համար, որի արդյունքը կախված է դրա տարածումից․ ծրագրի մասնակիցները պետք է իրենց ձեռք բերած կարողությունները տարածեն և կիրառեն, որպեսզի ձևավորող գնահատումը դառնա իրական պրակտիկա ՄԿՈՒ համակարգում»․ ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյան
Ապրիլի 30-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում ձևավորող գնահատման ուղղությամբ դասախոսների մասնագիտական զարգացման (TPD) փորձնական ծրագրի նախագծման և իրականացման աջակցություն» թեմայով ամփոփիչ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՄԿՈՒ ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչությունների, Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, փորձագետներ և ծրագրի մասնակիցներ։
Միջոցառման ընթացքում ամփոփվել են ծրագրի արդյունքները՝ ուղղված ՄԿՈՒ համակարգում ձևավորող գնահատման կիրառման զարգացմանը, ինչպես նաև քննարկվել են դրա հետագա համակարգային ներդրման հնարավորությունները։
Ծրագիրը նախաձեռնվել է 2024 թվականին՝ ՈԱԱԿ-ի կողմից հյուրընկալված Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկերային այցի արդյունքների հիման վրա։
Ռուբեն Թոփչյանը իր խոսքում ընդգծել է, որ ձևավորող գնահատման արդյունավետ կիրառումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դասավանդողները ունեն դրա կիրառման համապատասխան կարողություններ։ Նրա խոսքով՝ ձևավորող գնահատումը չի սահմանափակվում գործիքների կիրառմամբ, այլ ենթադրում է մտածելակերպի փոփոխություն, մեթոդական հմտությունների զարգացում և ուսուցման գործընթացի վերաիմաստավորում։
Միևնույն ժամանակ նա կարևորել է գործատուների ներգրավվածությունը գնահատման գործընթացում՝ նշելով, որ գնահատման պահանջները պետք է համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի շրջանավարտներ, որոնք դեռ ուսումնառության ընթացքում ձեռք են բերում գործատուի կողմից պահանջվող գործնական հմտություններ։