Մարտի 4-ին տեղի է ունեցել «eCAMPUS․ Սոցիալական հեռավորությունը պահպանող և ներառական էլեկտրոնային համալսարանական կրթության խթանում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում» Էրազմուս+ ծրագրի 3-րդ աշխատանքային խմբի առցանց հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Որակի ներքին ապահովման չափանիշներ և ընթացակարգեր» թեմայով նախատեսվող առցանց աշխատաժողովի կազմակերպման հարցերը և օրակարգը։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրությանը և դրա համադրմանը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կիրառվող մոտեցումների հետ։ Նշվել է, որ նման քննարկումները հնարավորություն են ստեղծում բուհերի համար իրականացնել բենչմարքինգ՝ համեմատելով իրենց փորձառությունը եվրոպական առաջատար համալսարանների փորձի հետ և կիրառելով արդյունավետ լուծումներ թվային ուսուցման որակի ներքին ապահովման գործընթացներում։
Կարևորվել է նաև, որ նախատեսվող աշխատաժողովին մասնակցեն ոչ միայն eCAMPUS ծրագրի գործընկեր համալսարանները, այլև Հայաստանի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ փորձի փոխանակման, համեմատական վերլուծության և լավագույն փորձի տարածման նպատակով։
Հանդիպման ընթացքում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ներկայացրել է սեմինարի անցկացման առաջարկվող ձևաչափը և նախնական օրակարգը։ Սեմինարը նախատեսվում է անցկացնել մարտի 24-ին։
Սեմինարի կարևոր բաղադրիչներից մեկը կլինի եվրոպական լավագույն փորձի ներկայացումը և դրա տեղայնացման հնարավորությունների քննարկումը։ Մասնակիցներին կներկայացվեն Շվեդիայի, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի փորձը՝ թվային ուսուցման որակի ապահովման համակարգերի զարգացման ոլորտում։
Ներկայացվող փորձը կծառայի որպես բենչմարքինգի հիմք՝ աջակցելով Հայաստանի բուհերին համադրել իրենց ընթացակարգերը եվրոպական մոտեցումների հետ և մշակել թվային ուսուցման որակի ներքին ապահովման առավել արդյունավետ մեխանիզմներ։