Նոյեմբերի 3-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականի հանձնման արարողությունը։ Համալսարանին շնորհվել է վեց տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Սա բուհի առաջին ինստիտուցիոնալ հավատարմագրումն է՝ իրականացված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից։
Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրով հիմնադրված Ռուս-Հայկական համալսարանը միջպետական կարգավիճակ ունեցող բուհ է, որը համատեղ կառավարվում է երկու երկրների կողմից։ Համալսարանի հավատարմագրումն ընդգծում է որակի արտաքին գնահատման կարևորությունը նաև կառավարման և կրթական գործունեության առանձնահատկություններ ունեցող հաստատությունների համար։ Այն հնարավորություն է տալիս որակի ապահովման միասնական չափանիշներով դիտարկել բուհի գործունեությունը՝ հաշվի առնելով նրա առաքելությունն ու առանձնահատկությունները, և գնահատման արդյունքները ծառայեցնել հետագա զարգացմանը։
Վկայականի հանձնմանը հաջորդել է հանդիպում համալսարանի շահակիցների հետ։ Քննարկման առանցքում եղել են կրթության որակի բարելավումը և այդ բարելավումների արդյունքները գնահատելու մոտեցումները։ Մասնավորապես, քննարկվել են․
- ծրագրային հավատարմագրման դերը՝ կրթական ծրագրերի կատարելագործման և ուսանողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովման գործում,
- փաստահենք և տվյալահենք գնահատման ու կառավարման զարգացումը՝ կառավարչական որոշումները տվյալների վերլուծության վրա հիմնելու և բացահայտված խնդիրներին նպատակային լուծումներ տալու համար,
- տվյալների հավաքագրման, չափման, վերլուծության և մեկնաբանման մեթոդաբանությունների կատարելագործումը՝ հաշվի առնելով բուհի և կրթական ծրագրերի առանձնահատկությունները,
- իրականացվող փոփոխությունների արդյունավետության գնահատումը՝ կրթության որակի բարելավման ուղղությամբ արձանագրվող արդյունքները տեսանելի և չափելի դարձնելու համար։
Հանդիպման ընթացքում համալսարանի ներկայացուցիչները կարևորել են ՈԱԱԿ-ի և համալսարանի շարունակական համագործակցությունը՝ պարբերական հանդիպումների, մասնագիտական քննարկումների և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողովների միջոցով։ Այս համագործակցությունը միտված է արտաքին գնահատման արդյունքների կիրառմանը և համալսարանում որակի ներքին ապահովման մեխանիզմների զարգացմանը։
Հավատարմագրման գործընթացի նշանակությունը դրա հիման վրա իրականացվող բարելավումներն են։ Արտաքին գնահատումը բուհին հնարավորություն է տալիս հստակեցնել զարգացման առաջնահերթությունները, տվյալների հիման վրա պլանավորել բարելավումներին ուղղված գործողությունները և հետևողականորեն գնահատել առաջընթացը՝ աշխատաշուկա մուտք գործելուն պատրաստ մասնագետների պատրաստման նպատակով։