2015 թվականին ընդունված Որակի ապահովման եվրոպական ուղենիշներից և չափորոշիչներից (ESG) դեպի 2027 թվականի նոր ուղենիշներ․ եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ապագան կրկին քննարկվել է Երևանում։
Նոյեմբերի 16–18-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) Երևանում հյուրընկալել է Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի (TPG C) 5-րդ հանդիպման մասնակիցներին։ Հանդիպումը համախմբել է 38 երկրի և 7 առաջատար միջազգային կազմակերպության ներկայացուցիչների՝ քննարկելու եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգերի զարգացման ուղղությունները, եվրոպական ուղենիշների և չափորոշիչների վերանայման ընթացքը և դրանց կիրառման փորձը։
Երևանյան հանդիպումն ուներ նաև խորհրդանշական նշանակություն։ 2015 թվականին Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովում ընդունվեցին Երևանյան կոմյունիկեն և Որակի ապահովման եվրոպական ուղենիշների և չափորոշիչների (ESG) վերանայված տարբերակը։ Տասնմեկ տարի անց եվրոպական որակի ապահովման համայնքը կրկին համախմբվեց Երևանում այն ժամանակ, երբ ESG-ն վերանայման փուլում է, իսկ նոր տարբերակի ընդունումը նախատեսվում է 2027 թվականին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովում։
2024–2027 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի և Ռումինիայի հետ համատեղ համանախագահում է Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խումբը։ Հայաստանը խմբում ներկայացնում և համանախագահի գործառույթներն իրականացնում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Երևանյան հանդիպմանը մասնակցել են Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրի (EQAR), Եվրոպական ուսանողական միության (ESU), Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE), Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի քարտուղարության, ինչպես նաև տարբեր երկրների որակի ապահովման գործակալությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում որակի ապահովման ոլորտում իրականացվող բարեփոխումները, ազգային գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքը, քննարկել եվրոպական մակարդակում ընթացող զարգացումներն ու ընդհանուր մարտահրավերները։
Մասնագիտական քննարկումների առանցքում բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգերի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ուղղություններն էին․
- Որակի ապահովման եվրոպական ուղենիշների և չափորոշիչների (ESG) վերանայում։ Մասնակիցներն անդրադարձել են ESG-ի վերանայման գործընթացի ընթացիկ զարգացումներին և համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցմանը։
- Միջսահմանային և անդրազգային կրթության որակի ապահովում։ Մասնագիտական և խմբային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել որակի արտաքին ապահովման իրականացման մոտեցումներին, առկա մարտահրավերներին և անդրազգային կրթության (TNE) վերաբերյալ եվրոպական ուսումնասիրության արդյունքներին։
- Որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի փոխկապակցվածություն։ Քննարկվել են որակի ներքին (IQA) և արտաքին (EQA) ապահովման համակարգերի փոխառնչությունները՝ հիմնվելով եվրոպական համատեղ նախաձեռնությունների շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա։
- Ուսումնառություն, դասավանդում և գնահատում։ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկման առանցքում եղել են կրթական ծրագրերով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման գնահատման մոտեցումները և դրանց ձեռքբերումը հավաստող փաստերի դերն արդյունավետ ինքնագնահատման գործընթացում։
- Որակի ապահովման գործիքակազմ և մասնագիտական համագործակցություն։ Մասնակիցներն անդրադարձել են որակի ապահովման ոլորտում տեղեկատվական ռեսուրսների կիրառման, աշխատակազմի շարժունության և երկրների միջև մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություններին։
Մասնագիտական քննարկումների, խմբային աշխատանքների և ինտերակտիվ աշխատաժողովների միջոցով հանդիպումը հնարավորություն է ընձեռել համադրելու տարբեր երկրների փորձն ու մոտեցումները, քննարկելու ընդհանուր հիմնախնդիրները և նախանշելու որակի ապահովման համակարգերի զարգացման ու հետագա համագործակցության ուղղությունները։
Երևանյան հանդիպումը Հայաստանի համար կարևոր հնարավորություն էր ոչ միայն եվրոպական զարգացումներին հաղորդակից լինելու, այլև ազգային փորձը եվրոպական մասնագիտական համայնքի հետ կիսելու, գործընկերային կապերն ամրապնդելու և բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական քաղաքականության հետագա զարգացմանը մասնակցելու տեսանկյունից։
Շնորհակալություն ենք հայտնում «Արմենպրես»-ին և Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին՝ միջոցառմանն անդրադառնալու և այն լուսաբանելու համար։
🔗 Արմենպրես՝ https://armenpress.am/hy/article/1265862
🔗 Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»՝ https://1lurer.am/hy/news/1591292