Սեպտեմբերի 22–24-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և գերմանական AQAS գործակալության կողմից ձևավորված համատեղ փորձագիտական խումբն արտաքին գնահատում է իրականացնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» և «Ֆարմացիա» կրթական ծրագրերում։
Համատեղ հավատարմագրումը հնարավորություն է տալիս մեկ փորձագիտական այցի ընթացքում ծրագրերը գնահատել ազգային և միջազգային մասնագիտական մոտեցումների համադրմամբ։ Երկու գործակալությունների չափանիշները համահունչ են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին (ESG)։ Գնահատմանը մասնակցում են հայ և գերմանացի փորձագետներ, այդ թվում՝ երկու երկրների մասնագիտական ոլորտների և աշխատաշուկայի ներկայացուցիչներ։
Փորձագիտական խմբում ընդգրկված են․
- Քրիստիանե Քայլը՝ Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանի բերանի կենսաբանության և օրթոդոնտիայի ոլորտի դոկտոր,
- Անգելիկա Վոլմարը՝ Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի դեղագործական կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր,
- Կարլ-Հայնց Բարինգհաուսը՝ «Sanofi-Aventis Germany» ընկերության հետազոտությունների և մշակումների ստորաբաժանման ղեկավար, աշխատաշուկայի ներկայացուցիչ,
- Լուսինե Սահակյանը՝ Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկության ամբիոնի դասախոս, դեղագործական գիտությունների թեկնածու,
- Հասմիկ Մանուկյանը՝ օրթոդոնտ, Առողջապահության ազգային ինստիտուտի օրթոդոնտիայի դասախոս,
- Նժդեհ Շադոյանը՝ «Կամար» բժշկական կենտրոնի ատամնաբույժ, աշխատաշուկայի ներկայացուցիչ,
- Ալեքսանդրա Վորիկը՝ «Բժշկություն» ծրագրի շրջանավարտ, ներկայում Վայմարի երաժշտական համալսարանի ուսանող, ուսանողների ներկայացուցիչ,
- Քնարիկ Մեսրոյանը՝ Երևանի պետական համալսարանի «Ֆարմացիա» բակալավրի կրթական ծրագրի ուսանող, ուսանողների ներկայացուցիչ։
Գործընթացը համակարգում են ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և AQAS-ի միջազգային զարգացման գծով փոխտնօրեն Ռոննի Հայնցեն։
Այցի ընթացքում փորձագետները հանդիպում են համալսարանի ղեկավարության, ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ։ Քննարկումների առանցքում են ծրագրերի բովանդակությունը, ուսուցման և գնահատման մոտեցումները, ուսանողների ձեռք բերած կարողությունները և դրանց կապը մասնագիտական ոլորտների պահանջների հետ։ Դիտարկվում են նաև ծրագրերի իրականացմանն առնչվող կառավարման և որակի ապահովման գործընթացները։
Այցի արդյունքներով կպատրաստվի համատեղ փորձագիտական զեկույց՝ երկու ծրագրերի վերաբերյալ դատողություններով և բարելավմանն ուղղված առաջարկություններով։ Այս ձևաչափով համալսարանը կստանա տեղական և միջազգային փորձի վրա հիմնված միասնական հետադարձ կապ, որը կարող է կիրառել ծրագրերի հետագա զարգացման համար։ Գնահատման արդյունքների միջազգային համադրելիությունը կարող է նաև նպաստել ծրագրերի ճանաչելիությանը և ակադեմիական շարժունության հնարավորությունների ընդլայնմանը։
Հաջորդ փուլում ՈԱԱԿ-ը և AQAS-ը, յուրաքանչյուրն իր ընթացակարգով, կկայացնեն առանձին որոշումներ կրթական ծրագրերի հավատարմագրման վերաբերյալ։