Փետրվարի 24-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ քննարկում ղեկավար կազմի, կրթական ծրագրերի պատասխանատուների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, որի առանցքում կրթական ծրագրերի ներքին աուդիտն էր։ Քննարկվեցին կրթական ծրագրերի արդյունավետության, վերջնարդյունքների ձեռքբերման, ինչպես նաև գնահատման և որակի ապահովման հիմնարար հարցերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրերի գործնական կիրառելիությանը և ուսանողների իրական մասնագիտական պատրաստվածությանը։
Բուհերում կրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է հավատարմագրման հանձնաժողովի պահանջներով, որոնք պարտադրում են ծրագրերի ամբողջական վերանայում՝ արդյունավետության, որակի ապահովման նպատակով։ Այս գործընթացը ներառում է ուսանողների կարծիքների հավաքագրում, կրեդիտների բաշխման ուսումնասիրություն, ուսանողների ինքնուրույն աշխատանքի իրական ծավալների գնահատում։
Կրթական ծրագրերի ներքին աուդիտի շրջանակում գլխավոր հարցը բուհի կարողությունն է երաշխավորելու, որ յուրաքանչյուր շրջանավարտ՝
- ինքնուրույն կառավարում է լսարանը,
- նախագծում է ուսումնառության արդյունքներին համապատասխան գնահատում,
- արդյունավետ աշխատում է բազմազան սովորողների հետ,
- մանկավարժական նպատակներով կիրառում է թվային գործիքներ,
- վերլուծում և բարելավում է սեփական դասավանդման պրակտիկան։
Սակայն ծրագրերում հաճախ անտեսվում են այս հիմնարար կարողությունները, փոխարենը շեշտը դրվում է տեսական գիտելիքների վրա։
Քննարկման ընթացքում նշվեց, որ կրթական ծրագրերում հաճախ բացակայում է դասարանի ինքնուրույն կառավարման հմտությունների համակարգված զարգացումը, իսկ ուսանողների գնահատման գործընթացը հենված է հստակ ձևակերպված չափանիշների վրա։ Թվային գործիքների նպատակային կիրառումը և ուսանողի ինքնուրույն աշխատանքի բովանդակության ու ծավալի վերանայումը դիտարկվում են որպես կրթության արդյունավետության բարձրացման առանցքային գործոններ։ Այս մոտեցումները կարևոր են ծրագրերի վերանայման, որակի բարելավման և ուսումնառության կիրառելի արդյունքների ապահովման համար։
Նշվեց, որ կրթական ծրագրերի վերջնարդյունքները հաճախ ձևակերպվում են չափազանց ընդհանրացված, ինչի պատճառով․
- ուսանողը չի հասկանում, թե ինչպսի՞ կարողությունների պետք է հասնի,
- դասախոսը դժվարանում է նախագծել համապատասխան հանձնարարություններ,
- գնահատման չափանիշները չեն արտացոլում իրական կարողությունները։
Աուդիտի նպատակն է պարզել, թե որքա՞ն ժամանակում և ինչպիսի՞ ուսումնական միջավայրում են ձևավորվում հիմնական հմտությունները, ինչպե՞ս են դրանք ինտեգրված տարբեր առարկաների մեջ, ի՞նչ առաջընթաց են ցուցաբերում ուսանողները պրակտիկայի ընթացքում, և արդյո՞ք կրթական ծրագիրն ապահովում է դրանց ձևավորման բավարար նախադրյալներ։ Այս գործընթացը պահանջում է թիրախավորված հետազոտություններ և համակարգային մոտեցում, որոնք հնարավորություն կտան բուհերին վերանայել իրենց կրթական ծրագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև կրթական ծրագրի վերջնարդյունքների ստուգման կարևորությունը
Կրթական ծրագրի վերջնարդյունքների ստուգումն ու աուդիտը կարող են իրականացվել երկու մակարդակով․
- Առարկայի մակարդակում՝ ստուգելով, թե ինչ կարողություններ է ապահովում տվյալ առարկան։
- Ծրագրի մակարդակում՝ քարտեզագրելով վերջնարդյունքները և գնահատելով դրանց ամբողջական ձեռքբերումը։
Այս գործընթացի համար անհրաժեշտ է․
- գնահատման հստակ, չափելի և կիրառելի չափորոշիչներ,
- յուրաքանչյուր գնահատման հանձնարարության համապատասխանության ստուգում,
- ուսանողի տեսական և գործնական արդյունքների համակցված գնահատում,
- պարբերական հետադարձ կապ և խնդիրների քարտեզագրում։
Կրթական համակարգում որակի բարձրացման հիմնական նպատակը ոչ միայն դասավանդման, այլև ուսանողների վերջնարդյունքների հստակ և համակարգված ստուգումն է։ Դասավանդումն ուղղված է կարողությունների իրական ձևավորմանը, իսկ գնահատման չափանիշներն՝ արտացոլում են վերջնարդյունքների չափելի ու կիրառելի բաղադրիչները։ Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ որակի բարելավումը պահանջում է․
- երկարաժամկետ, աստիճանական և հետևողական բարեփոխումներ,
- դասախոսների և ուսուցիչների կարողությունների զարգացում,
- գնահատման մշակույթի փոփոխություն,
- պետական չափորոշիչներին համահունչ ռազմավարական պլանավորում։
Կրթության որակի բարելավումն անհնար է միայն ծրագրային փոփոխություններով, այն պահանջում է նաև ուսուցողական մոտեցումների, գնահատման մշակույթի և մասնագետների կարողությունների համակարգային զարգացում։