Հունիսի 2-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանում (նախկին անվանումը՝ Ավանդական բժշկության համալսարան)։
Այցի նպատակն էր դիտարկել, թե հավատարմագրումից հետո համալսարանում իրականացված փոփոխությունները որքանով են նպաստել կրթական ծրագրերի զարգացմանը, վերջնարդյունահենք կրթության ամրապնդմանը, ուսանողների կլինիկական և գործնական կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև փորձագիտական զեկույցում ներկայացված խորհրդատվությունների իրականացմանը։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել համալսարանի ղեկավար կազմի, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների, ներքին աուդիտի ենթարկված կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Քննարկումների առանցքում էին «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» կրթական ծրագրերի զարգացումը, դրանց վերջնարդյունքների քարտեզագրումը, գործնական ուսուցման կազմակերպումը, գնահատման մեխանիզմների կատարելագործումը, պրակտիկայի վերահսկումը և միջազգային ուսանողների մասնագիտական պատրաստվածության ապահովումը։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել համալսարանի անվանափոխությանը և նոր ռազմավարական դիրքավորմանը։ Քննարկվել է, որ «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարան անվանումը ենթադրում է ոչ միայն ինստիտուցիոնալ վերադիրքավորում, այլև կրթական ծրագրերի բովանդակության, ուսուցման մեթոդների, գնահատման մոտեցումների և միջազգային ճանաչելիության ապահովման ավելի հստակ շեշտադրումներ։ Կարևորվել է, որ բուհի նոր ռազմավարական ուղղությունները տեսանելի դառնան ոչ միայն փաստաթղթերում, այլև ուսանողի ուսումնառության փորձառության և մասնագիտական կարողությունների ձեռքբերման մակարդակում։
Մշտադիտարկման կարևոր շեշտադրումներից էր փորձագիտական զեկույցում ներկայացված խորհրդատվությունների արդյունքային կատարումը։ Քննարկվել է, որ կրթական ծրագրերում իրականացված փոփոխությունները պետք է գնահատվեն ոչ միայն կատարված գործողությունների, այլև դրանց ազդեցության տեսանկյունից․ ինչ է փոխվել ուսանողի ուսումնառության մեջ, ինչպես է ձևավորվում կլինիկական մտածողությունը, ինչ առաջադրանքներով է ստուգվում կարողությունը և ինչ չափանիշներով է այն գնահատվում։
Համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև վերջնարդյունքների քարտեզագրման և դրանց իրական ձեռքբերման հավաստման հարցը։ Նշվել է, որ դասընթացների վերջնարդյունքների կապակցումը կրթական ծրագրերի վերջնարդյունքների հետ կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ այն վերածվում է գործնական կառավարման գործիքի։ Այս համատեքստում կարևորվել է, որ յուրաքանչյուր առանցքային վերջնարդյունքի համար հստակ երևա շղթան՝ դասընթաց, առաջադրանք, գործնական գործողություն, գնահատման չափանիշ և ուսանողի ձեռք բերած արդյունք։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել բժշկական կրթությանը հատուկ ուսուցման մեթոդների և գործնական առաջադրանքների վերջնարդյունահենք կիրառմանը։ Մասնավորապես քննարկվել են կլինիկական դեպքերի վրա հիմնված ուսուցման (clinical case-based learning/CBL), խնդրի վրա հիմնված ուսուցման (problem-based learning/PBL), դերային խաղերի, սիմուլյացիոն առաջադրանքների կիրառման հնարավորությունները։ Կարևորվել է, որ այդ մեթոդները կրթական ծրագրերում ներդրվեն ոչ թե որպես առանձին դասախոսների նախաձեռնություններ, այլ որպես ծրագրային մակարդակով պլանավորված մոտեցումներ՝ հստակ կապակցված ՄԿԾ վերջնարդյունքներին, առաջադրանքներին, գնահատման չափանիշներին և ուսանողի կլինիկական մտածողության զարգացմանը։
Առանձին քննարկվել է գնահատման համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը։ Կարևորվել է, որ բժշկական կրթության մեջ գնահատումը չսահմանափակվի գիտելիքի վերարտադրությամբ, այլ ապահովի ուսանողի գործնական և կլինիկական կարողությունների օբյեկտիվ հավաստումը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել OSCE/OSPE տիպի կառուցվածքային գնահատման ձևերի, check-list-երի և գնահատման հստակ չափանիշների ներդրման անհրաժեշտությանը՝ որպես ուսանողի գործողության որակը գնահատելու և հետադարձ կապի միջոցով մասնագիտական զարգացումը խթանելու գործիքներ։
Մշտադիտարկման ընթացքում կարևորվել է նաև պրակտիկայի կազմակերպման, վերահսկման և գնահատման համակարգի զարգացումը, հատկապես միջազգային ուսանողների դեպքում։ Քննարկվել է, որ պրակտիկան պետք է ունենա հստակ վերջնարդյունքներ, առաջադրանքներ, ղեկավարում, փաստագրման և գնահատման մեխանիզմներ։ Շեշտադրվել է, որ արտերկրում պրակտիկա անցնող ուսանողների դեպքում անհրաժեշտ է ապահովել բուհի կողմից վերահսկելի և համադրելի պահանջներ՝ պրակտիկայի վայրերի, ղեկավարների, իրականացվող գործողությունների և ձեռք բերվող կարողությունների վերաբերյալ։
Քննարկումների մյուս կարևոր ուղղությունը միջազգային ուսանողների մասնագիտական քննություններին և հետագա մասնագիտական ուղուն պատրաստվածությունն էր։ Հաշվի առնելով համալսարանի միջազգային ուսանողական կազմը՝ կարևորվել է, որ կրթական ծրագրերի վերանայման գործընթացում դիտարկվեն այն երկրների մասնագիտական և լիցենզավորման պահանջները, որտեղ ուսանողները շարունակելու են ուսումնառությունը կամ մասնագիտական գործունեությունը։ Այս մոտեցումը կարող է նպաստել կրթական ծրագրերի միջազգային ճանաչելիությանը և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը։
Անդրադառնալով որակի ապահովման համակարգին՝ ընդգծվել է, որ այն պետք է առավելապես ուղղված լինի կրթական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, վերլուծությանը և բարելավման որոշումների կայացմանը։ Կարևորվել է ուսանողների, դասախոսների, պրակտիկայի ղեկավարների, շրջանավարտների և միջազգային շահակիցների հետադարձ կապի օգտագործումը ոչ միայն բավարարվածության գնահատման, այլև կրթական ծրագրերի բովանդակային զարգացման համար։
Ամփոփելով մշտադիտարկման արդյունքները՝ ընդգծվել է, որ համալսարանի զարգացման հաջորդ փուլում առաջնային է դառնում կրթական ծրագրերի արդյունքների նկատմամբ պատասխանատվության ամրապնդումը։ Նոր ռազմավարական դիրքավորումը, կրթական ծրագրերի վերանայումը, միջազգային չափանիշներին համահնչեցման փորձերը և գնահատման մեխանիզմների զարգացումը պետք է միավորվեն մեկ ընդհանուր նպատակով՝ ապահովել, որ ուսանողը ձեռք բերի ապացուցելի կլինիկական և գործնական կարողություններ՝ որպես ապագա բժիշկ կամ ատամնաբույժ։