Սեպտեմբերի 3-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի է ունեցել վերապատրաստում՝ ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրման գործընթացներում ներգրավվող ապագա փորձագետների համար։
Վերապատրաստման շրջանակում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ քննարկվել են կրթական ծրագրերի արդյունքների գնահատման առանցքային հարցերը՝ մասնավորապես շրջանավարտի մասնագիտական պատրաստվածությունը սահմանող «կարմիր գծերը» և դրանց ձեռքբերումը գնահատելու համար անհրաժեշտ փաստերը։
Տարբեր մասնագիտությունների օրինակով մասնակիցները փորձել են առանձնացնել այն հիմնարար կարողություններն ու մասնագիտական պահանջները, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր շրջանավարտ՝ մասնագիտությամբ աշխատելու համար։ Քննարկվել է նաև, թե հավատարմագրման ընթացքում ինչ փաստերի և տվյալների միջոցով կարելի է գնահատել այդ կարողությունների ձեռքբերումը։
Կարևորվել է, որ առանցքային կարողությունների ձևավորումն ու գնահատումը պետք է հետևողականորեն ապահովվեն կրթական ծրագրի ամբողջ ընթացքում։ Դրանց մի մասը կարող է ձևավորվել և գնահատվել առանձին դասընթացի կամ մոդուլի շրջանակում, իսկ մյուսների ձեռքբերումը պահանջում է տարբեր դասընթացների և մոդուլների փոխկապակցված աշխատանք։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ հավատարմագրման ժամանակ փորձագետի խնդիրը միայն փաստաթղթերում ամրագրված գործընթացների առկայությունը ստուգելը չէ։ Անհրաժեշտ է փաստերի և արդյունքների հիման վրա հասկանալ՝ արդյոք նախատեսված գործողություններն իրականացվում են, և արդյոք ուսուցման, ուսումնառության ու գնահատման գործընթացներն իրականում հանգեցնում են սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը։ Այս համատեքստում կարևորվել են նաև ուսումնական գործընթացների պարբերական դիտարկումները, արդյունքների արձանագրումը և դրանց օգտագործումը հետագա բարելավումների համար։
Ընդգծվել է նաև կրթական ծրագրի ղեկավարի դերը։ Ծրագրի ղեկավարը պետք է հստակ պատկերացնի, թե ինչ մասնագետ է պատրաստում ծրագիրը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, և հետևողականորեն գնահատի՝ արդյոք ծրագրի տարբեր բաղադրիչներն ապահովում են նախատեսված մասնագիտական վերջնարդյունքների ձեռքբերումը։
Անդրադառնալով որակի ապահովման ժամանակակից մոտեցումներին՝ նշվել է, որ որակի ապահովումը չի ենթադրում բոլոր հաստատությունների համար միևնույն գործընթացների կամ մեխանիզմների պարտադրում։ Հաստատությունները կարող են ընտրել տարբեր մոտեցումներ՝ պայմանով, որ դրանք հանգեցնում են սահմանված կրթական արդյունքներին։ Հետևաբար փորձագետի խնդիրը ոչ թե հաստատությանը որոշակի գործընթաց պարտադրելն է, այլ գնահատելը, թե ընտրված մոտեցումներն ինչ արդյունք են ապահովում։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն աշխատել են նաև այն հարցերի շուրջ, թե ինչպես տարբերակել գործընթացի նկարագրությունը դրա արդյունքից, ինչ փաստեր և տվյալներ հավաքագրել կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը գնահատելու համար և ինչպես դրանց հիման վրա ձևավորել հիմնավորված մասնագիտական դատողություն։