Կրթությունը փոխվում է․ լսարանին, դասախոսին և ուսանողին միանում են նոր թվային միջավայրեր, գործիքներ և ուսուցման ձևաչափեր։ Սակայն անկախ նրանից՝ ուսումնառությունը կազմակերպվում է ֆիզիկական, առցանց, թե հիբրիդային միջավայրում, կրթության հիմնական նպատակը մնում է նույնը՝ ապահովել, որ ուսանողը ձեռք բերի նախատեսված գիտելիքները, հմտությունները և կարողությունները։
Այս համատեքստում թվային կրթության զարգացումը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական լուծումներ, այլև որակի ապահովման նոր մոտեցումներ։ Հենց այս հարցերին էր նվիրված Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից Էրազմուս+ eCAMPUS ծրագրի շրջանակում կազմակերպված միջազգային աշխատաժողովը՝ նվիրված Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ներքին ապահովմանը։
Հունիսի 24–25-ին տեղի ունեցած աշխատաժողովը համախմբել էր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, ՈԱԱԿ-ի մասնագետներին և միջազգային գործընկերների՝ քննարկելու թվային և հիբրիդային կրթական միջավայրերում որակի ապահովման մարտահրավերները և զարգացման հնարավորությունները։
Աշխատաժողովի նպատակն էր ՈԱԱԿ-ի համակարգմամբ, հայաստանյան բուհերի և միջազգային գործընկերների համագործակցությամբ մշակել թվային կրթության որակի ապահովման չափանիշներ, ինքնավերլուծության գործիքներ և դրանց կիրառման ուղեցույցներ, որոնք կարող են աջակցել բուհերին թվային կրթական գործընթացների պլանավորման, գնահատման և շարունակական բարելավման գործում։
Մշակվող գործիքակազմը նպատակ ունի ոչ միայն աջակցել առանձին բուհերի ներքին որակի ապահովման համակարգերի զարգացմանը, այլև ձևավորել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում թվային կրթության որակի ապահովման ընդհանուր մասնագիտական հիմք՝ հիմնված համադրելի չափանիշների, ապացույցների և ուսումնառության արդյունքների վրա։
Թվային միջավայրը փոխվում է, որակի նպատակը՝ ոչ
Աշխատաժողովի քննարկումների առանցքում այն գաղափարն էր, որ թվային կրթության որակը չի կարող գնահատվել միայն տեխնոլոգիական հնարավորությունների առկայությամբ։ Կարևոր հարցն այն չէ, թե դասը որտեղ է իրականացվում՝ լսարանում, առցանց, թե հիբրիդային ձևաչափով, այլ այն, թե ինչ արդյունքներ է ապահովում այդ գործընթացն ուսանողի համար։
Քննարկվեց, որ թվային միջավայր անցումը փոխում է ուսուցման կազմակերպման ձևերը, դասավանդման գործիքները և գնահատման մեխանիզմները, միաժամանակ առաջացնելով նոր մարտահրավերներ՝ կապված ուսանողների ներգրավվածության, գնահատման հուսալիության, ակադեմիական ազնվության, հետադարձ կապի և ուսումնառության արդյունքների ապացուցման հետ։
Այս պայմաններում որակի ապահովման հիմնական տրամաբանությունը պահպանվում է․ բուհը պետք է կարողանա ցույց տալ, թե ինչպես է ապահովում կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձեռքբերումը և ինչպես է օգտագործում հավաքագրված տվյալները շարունակական բարելավման համար։
Թվային կրթությունը՝ արդյունահենք մոտեցման համատեքստում
Աշխատաժողովի ընթացքում ընդգծվեց, որ թվային կրթության զարգացումը պետք է կառուցվի արդյունահենք մոտեցման վրա։ Գործատուների և հասարակության ակնկալիքները պետք է վերածվեն կրթական ծրագրերի հստակ վերջնարդյունքների, իսկ այդ վերջնարդյունքները պետք է կապվեն համապատասխան դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների հետ։
Այսինքն՝ բուհի խնդիրը միայն թվային հարթակներ կամ տեխնոլոգիական գործիքներ ներդնելը չէ։ Կարևոր է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ թվային լուծումները նպաստում են ուսանողի կարողությունների ձևավորմանը և մասնագիտական պատրաստվածությանը։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին թվային կրթության որակի ապահովման մի շարք առանցքային ուղղություններ, այդ թվում՝
- թվային դասընթացների նախագծում և կառուցվածք,
- առցանց և հիբրիդային գնահատման հուսալիություն և արդարություն,
- ակադեմիական ազնվության ապահովում թվային միջավայրում,
- արհեստական բանականության էթիկական կիրառման հարցեր,
- ուսանողների ներգրավվածություն թվային ուսումնառության գործընթացներում,
- ուսումնառության արդյունքների ձեռքբերման վերաբերյալ ապացույցների հավաքագրում,
- տվյալների օգտագործում՝ շարունակական բարելավման նպատակով։
Քննարկումների ընթացքում կարևորվեց, որ թվային կրթության որակի ապահովումը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին ուղղություն, այլ որպես բուհի ընդհանուր որակի ապահովման համակարգի բաղադրիչ։
Աշխատաժողովի արդյունքում մշակվող չափանիշներն ու ինքնավերլուծության գործիքները կաջակցեն բուհերին գնահատելու սեփական թվային և հիբրիդային կրթական գործընթացները, բացահայտելու զարգացման կարիքները և պլանավորելու բարելավման քայլերը։ Դրանք հնարավորություն կտան բուհերին ոչ միայն արձագանքել թվային միջավայրի փոփոխություններին, այլև դրանք օգտագործել որպես կրթության որակի բարձրացման հնարավորություն։
Թվային միջավայրը շարունակում է փոխվել, սակայն կրթության որակի հիմնական նպատակը մնում է անփոփոխ՝ ապահովել ուսումնառության արդյունավետությունը, չափելի վերջնարդյունքներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողունակ մասնագետների պատրաստում։