Եվրոպական ուսանողական միության (ESU) հրավերով ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը նոյեմբերի 23-ին Երևանում ներկայացրել է, թե ինչպես են ուսանողներն իրենց ուսումնառության փորձը վերածում բուհերի գնահատման համար կարևոր հարցերի, եզրահանգումների և առաջարկությունների։ Ներկայացումը տեղի է ունեցել Եվրոպական ուսանողական միության խորհրդի 92-րդ հանդիպման շրջանակում։ Նոյեմբերի 23–27-ը հանդիպումը հյուրընկալել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են 42 երկրների 43 ազգային ուսանողական միությունների ներկայացուցիչներ։
Ի՞նչ է փոխվում ուսանողի համար, երբ նա մասնակցում է կրթության որակի գնահատմանը։ Վարդուհի Գյուլազյանը ներկայացրել է, թե ինչպես է ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծն ուսանողներին հնարավորություն տալիս բարձրաձայնած խնդիրները դարձնել գնահատման առարկա։ Օրինակ՝ եթե ուսանողները նշում են, որ գնահատումից հետո ստացած հետադարձ կապը չի օգնում հասկանալ՝ ինչպես բարելավել իրենց աշխատանքը, ուսանող փորձագետը կարող է փորձագիտական այցի ընթացքում պարզել, թե երբ և ինչ ձևով է տրամադրվում հետադարձ կապը, համադրել ուսանողների ու դասախոսների դիտարկումները և նպաստել, որ խնդիրը ձևակերպվի փորձագիտական զեկույցում ու հասցեագրվի առաջարկությամբ։
Վարդուհի Գյուլազյանն անդրադարձել է նաև նրան, թե ինչ է ձեռք բերում ուսանողը փորձագետ դառնալու ճանապարհին։ Ուսանողները վերլուծում են բուհերի իրական ինքնավերլուծության զեկույցները, կազմում հարցեր, փորձարկում հարցազրույցի վարումը և դիտարկում փորձագիտական այցի ընթացքը։ Փորձագիտական խմբում ընդգրկվելուց հետո նրանք մասնակցում են եզրահանգումների ու առաջարկությունների ձևակերպմանը։ Այդ փորձն օգնում է ուսանողներին նաև իրենց բուհում հիմնավորված առաջարկներ ներկայացնել ուսումնառության պայմանների, գնահատման և ուսանողներին տրամադրվող աջակցության վերաբերյալ։
Ուսանողները ներկայացված են նաև ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդում և հավատարմագրման հանձնաժողովում։ Այս ներգրավումը հնարավորություն է տալիս ուսանողական տեսանկյունը հաշվի առնել նաև կառավարման և հավատարմագրման որոշումների կայացման ընթացքում։
ՈԱԱԿ-ի համար ուսանողի մասնակցության արժեքը երևում է այն փոփոխություններում, որոնք նա զգում է իր ուսումնառության մեջ։ Ուսանողի բարձրաձայնած հարցը կարող է դառնալ հավատարմագրման առաջարկություն, իսկ այդ առաջարկության արդյունքը պետք է տեսանելի լինի լսարանում՝ դասավանդման, գնահատման կամ ուսանողին տրամադրվող աջակցության մեջ։