Կրեդիտների բաշխումը կրթական ծրագրի որակի կարևոր ցուցիչ է․ այն ցույց է տալիս՝ որքանով են ուսանողի ծանրաբեռնվածությունը, դասընթացի բովանդակությունը և ուսումնառության վերջնարդյունքները համարժեք միմյանց։ Հետևաբար, բենչմարքինգի ընթացքում կարևոր է ոչ միայն համեմատել նույն կամ համանման առարկաներին հատկացված կրեդիտների քանակը, այլև հասկանալ՝ ինչով են պայմանավորված այդ տարբերությունները։
Այս մոտեցումն էր հունիսի 4-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կրեդիտների բաշխման արդյունավետության գնահատում և որակի ապահովում․ լավ փորձերի քննարկում» թեմայով վեբինարի հիմնական շեշտադրումը։ Հանդիպումը կազմակերպվել էր «ՄԿԾ ներքին աուդիտ» նախագծի շրջանակում՝ բուհերում ձևավորվող փորձերի քննարկման և տարածման նպատակով։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ կրեդիտը չի կարող դիտարկվել միայն որպես ուսումնական պլանի թվային ցուցիչ։ Այն պետք է արտացոլի ուսանողից ակնկալվող ամբողջական աշխատանքը՝ լսարանային, գործնական և ինքնուրույն բաղադրիչներով, ինչպես նաև այն վերջնարդյունքները, որոնք պետք է ձևավորվեն տվյալ դասընթացի շրջանակում։
Մասնակիցները նշել են, որ տարբեր բուհերում նույն կամ համանման առարկաների համար տարբեր կրեդիտային ծավալների սահմանումը կարող է ազդեցություն ունենալ ուսումնառության արդյունքների ճանաչման, կրթության շարունակականության և ակադեմիական շարժունության վրա։ Միաժամանակ ընդգծվել է, որ կրեդիտների տարբերությունն ինքնին դեռևս չի նշանակում խնդիր կամ առավելություն․ այն պետք է վերլուծել առարկայի բովանդակության, վերջնարդյունքների, տեսական և գործնական բաղադրիչների, ինքնուրույն աշխատանքի և կրթական ծրագրի կառուցվածքի հետ միասին։
Այս մոտեցմամբ բենչմարքինգը դառնում է ոչ միայն համեմատության, այլև կրթական ծրագրի որակը գնահատելու գործիք։ Այն թույլ է տալիս հասկանալ՝ արդյոք առարկաների հաջորդականությունը տրամաբանական է, կրեդիտները համարժեք են ակնկալվող վերջնարդյունքներին, ինքնուրույն աշխատանքի ծավալն իրատեսական է, իսկ ծրագրի կառուցվածքը նպաստում է ուսանողի կարողությունների աստիճանական ձևավորմանը։
Վեբինարի շրջանակում ներկայացվել է Հայկական բժշկական ինստիտուտի փորձը՝ «Բուժական գործ» ինտեգրված կրթական ծրագրի ուսումնական պլանի համեմատական վերլուծության ուղղությամբ։ Ներկայացված օրինակը ցույց է տվել, որ բենչմարքինգի ընթացքում անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն առարկայի անվանումը կամ կրեդիտների քանակը, այլև տվյալ առարկայի տեղը կրթական ծրագրում, նախորդող և հաջորդող դասընթացների հետ կապը, բովանդակության խորությունը, գործնական բաղադրիչը և ինքնուրույն աշխատանքի իրական ծավալը։
Քննարկման ընթացքում կարևորվել է, որ ներքին աուդիտի շրջանակում կրեդիտային տարբերությունները պետք է մեկնաբանվեն ոչ թե միայն թվային համեմատությամբ, այլ այն հարցով, թե ուսանողից ինչ ծավալի և ինչ բարդության աշխատանք է ակնկալվում տվյալ դասընթացում։ Առանձին դեպքերում տարբերությունները կարող են պայմանավորված լինել հիմնականում ինքնուրույն աշխատանքի ժամաքանակներով, մինչդեռ տեսական և գործնական բաղադրիչներն էականորեն չտարբերվեն։ Սա նշանակում է, որ կրեդիտների հիմնավորվածության գնահատումը պետք է կապել ուսանողի իրական ծանրաբեռնվածության հետ։
Վեբինարի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել ուսանողների իրական ծանրաբեռնվածության գնահատմանը։ Նշվել է, որ բուհերում կիրառվում են ուսանողական հարցումներ, դասախոսների հետ քննարկումներ և առանձին առաջադրանքների կատարման համար պահանջվող ժամանակի գնահատման փորձեր։ Միաժամանակ ընդգծվել է, որ այս ուղղությամբ դեռևս առկա են մեթոդաբանական դժվարություններ և միասնական մոտեցումների բացակայություն։
Քննարկվել է նաև ինքնուրույն աշխատանքի ծավալի հաշվարկման հարցը։ Կարևորվել է այն մոտեցումը, ըստ որի՝ առաջադրանքների կատարման համար ուսանողից պահանջվող միջին ժամանակը պետք է համադրվի դասընթացի վերջնարդյունքների և հատկացված կրեդիտների հետ։ Սա թույլ է տալիս գնահատել՝ արդյոք ուսանողի ծանրաբեռնվածությունն իրատեսական է, և արդյոք այն նպաստում է սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը։
Վեբինարի կարևոր շեշտադրումներից էր այն, որ բուհերում անհրաժեշտ է ձևավորել կրեդիտների բաշխման հիմնավորվածության գնահատման հստակ մեխանիզմներ և որակի ապահովման համակարգում կիրառելի գործիքներ։ Այդ գործիքները պետք է հնարավորություն տան պարբերաբար գնահատելու՝ որքանով են դասընթացներին հատկացված կրեդիտները համարժեք դրանց բովանդակությանը, բարդությանը, ուսումնառության վերջնարդյունքներին և ուսանողից պահանջվող իրական աշխատանքային ծանրաբեռնվածությանը։
Որպես կիրառելի գործիքներ առանձնացվել են ուսանողական ծանրաբեռնվածության հարցումները, դասախոսների և ուսանողների հետ քննարկումները, դասընթացների քարտեզագրումը, թեմատիկ պլանների և վերջնարդյունքների համեմատական վերլուծությունը, ներքին փորձաքննությունները, դասալսումները, բենչմարքինգի մեթոդաբանությունը և կրթական ծրագրերի վերանայման արձանագրությունները։
Ամփոփելով քննարկումը՝ նշվել է, որ կրեդիտների բաշխման արդյունավետության գնահատումը պետք է դառնա կրթական ծրագրերի ներքին աուդիտի շարունակական բաղադրիչ։ Այն հնարավորություն է տալիս բացահայտել վերջնարդյունքների, բովանդակության և ուսանողական ծանրաբեռնվածության միջև հնարավոր անհամապատասխանությունները, կրկնվող բովանդակությամբ դասընթացները, ինչպես նաև այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ են ծրագրային բարելավումներ։