Հունիսի 29-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում մեկնարկեց արտաքին գնահատման առաջին փորձագիտական այցը՝ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ։
Այցին նախորդել էր փորձագիտական խմբի նախապատրաստական աշխատանքը․ փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, որի հիման վրա ձևավորվել էին քննարկման հիմնական ուղղությունները։
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար կազմի, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների, գործատուների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
QA4VET ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական այցերի նպատակը ոչ թե հաստատությանը գնահատական տալն է, այլ համատեղ վերլուծության միջոցով պարզել, թե որքանով է քոլեջի կողմից իրականացված SWOT վերլուծությունն արտացոլում հաստատության իրական վիճակը, և ինչպիսի նոր դիտարկումներ ու զարգացման հնարավորություններ են բացահայտվում շահակիցների հետ հանդիպումների արդյունքում։ Այդ պատճառով այցերն ունեն խորհրդատվական բնույթ և միտված են շարունակական բարելավմանը։
QA4VET ծրագրի շրջանակում քոլեջների կողմից ընտրված փորձագետները մասնակից են դառնում քոլեջի բարելավման գործընթացին, ապահովելով հետագայում ինքնուրույն իրականացնել ներքին գնահատումներ, բացահայտել բարելավման ուղղությունները և աջակցել հաստատությանը։
Հանդիպումների ընթացքում նշվեց փորձագիտական խմբի հիմնական դիտարկումները՝ առանձնացնելով հաստատության ուժեղ կողմերը և ներկայացնելով մի շարք խորհրդատվական առաջարկություններ։
Մասնավորապես, փորձագետներն արձանագրեցին, որ քոլեջը ստեղծում է ուսանողների արդյունավետ ուսումնառության և մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ու ռեսուրսներ։ Դրական գնահատվեց նաև գործատուների ակտիվ ներգրավվածությունը՝ նրանք պատրաստակամությունը շարունակել աջակցել քոլեջին՝ մասնագիտական պրակտիկաների կազմակերպման, ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Փորձագիտական խումբն անդրադարձավ նաև որակի ապահովման համակարգի հետագա զարգացման հնարավորություններին։ Նշվեց, որ որակի ապահովման կենտրոնը կատարում է զգալի աշխատանք, սակայն կարևորվեց համագործակցային մեխանիզմները՝ ապահովելով ստորաբաժանումների միջև շարունակական և համակարգված փոխգործակցություն։ Ընդգծվեց նաև տվյալահենք որոշումների կայացման կարևորությունը՝ համակարգված տվյալների հավաքագրման, վերլուծության և դրանց հիման վրա կրթական ծրագրերի զարգացման անհրաժեշտության համատեքստում։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական այցերը շարունակական բնույթ են կրելու։ Դրանց արդյունքում ձևավորված դիտարկումներն ու խորհրդատվական առաջարկությունները նպատակ ունեն նպաստելու ՄԿՈՒ հաստատություններում որակի ապահովման մշակույթի զարգացմանը, ներքին գնահատման մեխանիզմների ամրապնդմանը և շարունակական բարելավման գործընթացների կայացմանը։