Հուլիսի 6-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ արտաքին գնահատման փորձագիտական այց Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ։
Այցին նախորդել էր փորձագիտական խմբի նախապատրաստական փուլը․ ուսումնասիրվել էին քոլեջի ինքնավերլուծությունը, SWOT վերլուծությունները, որոնց հիման վրա ձևավորվել էին քննարկման հիմնական ուղղությունները։
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար կազմի, կրթական ծրագրերի պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, գործատուների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
QA4VET ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացի նպատակն է աջակցել ուսումնական հաստատություններին զարգացնելու ներքին գնահատման կարողությունները և փորձարկել ինքնավերլուծության նոր ձևաչափեր՝ SWOT վերլուծությունների հիման վրա։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս համատեղ քննարկումների միջոցով ավելի խորքային դիտարկել հաստատության ուժեղ կողմերը, զարգացման հնարավորությունները և շարունակական բարելավման ուղղությունները։
Հանդիպումների հիմքում եղել են քոլեջի կողմից իրականացված SWOT վերլուծությունները, որոնց շուրջ իրականացվել են քննարկումներ՝ ուղղված հաստատության հետագա զարգացման հնարավորությունների հստակեցմանը։
QA4VET ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական այցերի նպատակը ոչ թե հաստատությանը գնահատական տալն է, այլ համատեղ վերլուծության միջոցով պարզել, թե որքանով են ինքնավերլուծական տվյալներն արտացոլում հաստատության իրական զարգացումները և ինչպիսի լրացուցիչ դիտարկումներ կարող են նպաստել բարելավման գործընթացին։ Այդ պատճառով այցերն ունեն խորհրդատվական բնույթ և ուղղված են շարունակական զարգացմանը։
Ծրագրի շրջանակում քոլեջների կողմից ընտրված փորձագետները ներգրավվում են գործընթացում՝ հետագայում հնարավորություն ստանալով ինքնուրույն իրականացնել ներքին գնահատումներ, ձևավորել զարգացման ուղղություններ և աջակցել հաստատության շարունակական կատարելագործմանը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները․
- գործատուների հետ համագործակցության ձևաչափերի քննարկում,
- միջազգային կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղություններ,
- դուալ կրթության համակարգերի մշակում և զարգացում,
- կրթական ծրագրերում կատարված փոփոխությունների դիտարկում,
- ուսանողների կարողությունների և հմտությունների գնահատման մեխանիզմներ։
Այցից հետո փորձագիտական խումբը կկազմի զեկույց՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների՝ վերլուծելով քոլեջի գործունեությունը։ Զեկույցում կներկայացվեն զարգացման ուղղություններ և խորհրդատվական առաջարկություններ, որոնց հիման վրա քոլեջը կմշակի բարելավման գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով։
Ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական այցերը շարունակական բնույթ են կրելու։ Դրանց արդյունքում ձևավորված դիտարկումներն ու խորհրդատվական առաջարկությունները նպատակ ունեն նպաստելու ՄԿՈՒ հաստատություններում որակի ապահովման մշակույթի զարգացմանը, ներքին գնահատման մեխանիզմների ամրապնդմանը և շարունակական բարելավման գործընթացների կայացմանը։