Հունիսի 29-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ արտաքին գնահատման փորձագիտական այց Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ։
Այցին նախորդել էր փորձագիտական խմբի նախապատրաստական աշխատանքը․ փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, SWOT վերլուծությունները, որոնց հիման վրա ձևավորվել էին քննարկման հիմնական ուղղությունները։
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, գործատուների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
QA4VET ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական այցերի նպատակը ոչ թե հաստատությանը գնահատական տալն է, այլ համատեղ վերլուծության միջոցով պարզել, թե որքանով են SWOT վերլուծությունները արտացոլում հաստատության իրական վիճակը, և ինչպիսի զարգացման հնարավորություններ են բացահայտվում շահակիցների հետ քննարկումների արդյունքում։ Այդ պատճառով այցերն ունեն խորհրդատվական բնույթ և միտված են շարունակական բարելավման գործընթացների աջակցմանը։
Ծրագրի շրջանակում քոլեջների կողմից ընտրված փորձագետները ներգրավվում են բարելավման գործընթացներում՝ հետագայում հնարավորություն ստանալով ինքնուրույն իրականացնել ներքին գնահատումներ, բացահայտել զարգացման ուղղություններ և աջակցել հաստատության շարունակական կատարելագործմանը։
Փորձագիտական հանդիպումների ընթացքում առանձնացվեցին մի շարք զարգացման ուղղություններ, որոնք կարող են նպաստել հաստատության գործունեության բարելավմանը․
- կառավարման արդյունավետության և ռազմավարական պլանավորման գործիքակազմի շարունակական զարգացում,
- KPI-ների կիրառման և մշտադիտարկման համակարգերի բարելավում,
- աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության և գործատուների հետ համագործակցության ձևաչափերի ընդլայնում,
- որակի ապահովման համակարգի գործառույթների բազմազանեցում, զարգացում,
- կրթական ծրագրերի պարբերական վերանայման և արդիականացման գործընթացների համակարգում,
- տվյալների հավաքագրման, վերլուծության և դրանց վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի ամրապնդում։
Այցից հետո փորձագիտական խումբը կկազմի զեկույց՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների՝ վերլուծելով քոլեջի գործունեությունը։ Զեկույցում կներկայացվեն զարգացման ուղղություններ և խորհրդատվական առաջարկություններ, որոնց հիման վրա քոլեջը կմշակի բարելավման գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով։
Ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական այցերը շարունակական բնույթ են կրում։ Դրանց արդյունքում ձևավորված դիտարկումներն ու առաջարկությունները նպատակ ունեն նպաստելու ՄԿՈՒ հաստատություններում որակի ապահովման մշակույթի զարգացմանը, ներքին գնահատման համակարգերի ամրապնդմանը և շարունակական բարելավման գործընթացների կայացմանը։