Ի՞նչ պետք է փոխվի մեր համալսարաններում։ Ինչպիսի՞ կրթություն է պետք այսօրվա ուսանողին։ Եվ կարո՞ղ են երիտասարդ հետազոտողները ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլև մասնակցել դրանց լուծմանը։
Այս հարցերի շուրջ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպեց ԵՊՀ տարբեր մասնագիտությունների ասպիրանտների և հայցորդների հետ։
Այս հանդիպմամբ ՈԱԱԿ-ը սկսում է տարբեր բուհերի երիտասարդ հետազոտողների հետ քննարկումների շարք։ Նպատակն է լսել նրանց տեսակետները, հասկանալ կրթության և հետազոտության միջավայրում նրանց տեսած խնդիրները և ստեղծել հնարավորություններ՝ նրանց ներգրավելու որակի ապահովման գործընթացներում, փորձագիտական աշխատանքներում և ՈԱԱԿ-ի գործունեության մեջ։
Քննարկման ընթացքում առանձնացվեցին մի քանի կարևոր գաղափարներ։
- Ինչ գնահատում ենք, այն էլ սովորեցնում ենք։
Եթե ուսանողից պահանջում ենք միայն վերարտադրել տեսական գիտելիքը, դժվար է ակնկալել, որ շրջանավարտը կկարողանա այդ գիտելիքը կիրառել իրական մասնագիտական խնդիրներ լուծելիս։ Գնահատումը պետք է ցույց տա ոչ միայն՝ «ի՞նչ գիտի ուսանողը», այլ նաև՝ «ի՞նչ կարող է անել այդ գիտելիքով»։ - Պրակտիկան պետք է սկսվի համալսարանում։
Ուսանողը գործատուի մոտ չպետք է առաջին անգամ հանդիպի իր մասնագիտության իրական խնդիրներին։ Համալսարանը պետք է տա անհրաժեշտ հիմքը, իսկ աշխատավայրում պրակտիկան՝ այդ հիմքի վրա զարգացնի մասնագիտական կարողությունները։ - Լավ կրթության և հետազոտության համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր։
Ժամանակակից լաբորատորիաները, տեղեկատվական և հետազոտական ռեսուրսների հասանելիությունը, լավ գիտական ղեկավարումը և նպատակային ֆինանսավորումը կրթության որակի իրական պայմաններ են։ - Որակի ապահովումը միայն ստուգում չէ։
Դրա կարևոր հարցերից մեկն է՝ «Ինչպե՞ս գիտենք, որ մեր ընդունած որոշումն աշխատում է»։ Տվյալները և ապացույցները պետք է օգնեն հասկանալ՝ ինչն է արդյունավետ, ինչը՝ ոչ, և ինչն է անհրաժեշտ փոխել։
Հանդիպման ընթացքում Ռուբեն Թոփչյանն ընդգծեց, որ որակի ապահովման նպատակը բուհերին ասելը չէ, թե բոլորը պետք է նույն կերպ աշխատեն։ Ընդհակառակը՝ համալսարանները կարող են ունենալ տարբեր առաքելություններ, ծրագրեր և զարգացման ուղիներ։ Կարևոր է, որ նրանք կարողանան հիմնավորել իրենց ընտրությունը, ցույց տալ դրա արդյունքները և պատասխանատվություն կրել կրթության որակի համար։
Երիտասարդ հետազոտողն այս գործընթացում կարող է լինել ոչ միայն դիտորդ։ Նա կարող է դառնալ կրթության փոփոխության մասնակից՝ իր համալսարանում, որպես որակի ապահովման փորձագետ կամ միանալով ՈԱԱԿ-ի թիմին։
ՈԱԱԿ-ը շարունակելու է հանդիպումները Հայաստանի տարբեր բուհերի ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների հետ։
Նկարները՝ ԵՊՀ Ակադեմիական գրագրության կենտրոնի ֆեյսբուքյան էջից։