Հոկտեմբերի 21–23-ը Իսպանիայի Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) գլխավոր ասամբլեան՝ «Համագործակցել. Սովորել. Նորարարել» խորագրով։ Միջոցառմանը մասնակցել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Գլխավոր ասամբլեայի ընթացքում եվրոպական որակի ապահովման գործակալությունների ներկայացուցիչները քննարկել են բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի զարգացման առաջնահերթությունները, առկա մարտահրավերներն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկման հիմնական թեմաներից էր որակի ապահովման գործակալությունների և բուհերի համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի փոխկապակցվածությանը, բուհերի հաշվետվողականության և շարունակական բարելավման միջև հավասարակշռության պահպանմանը, ինչպես նաև բուհերի ինքնավարության և որակի ապահովման գործակալությունների անկախության կարևորությանը։
Քննարկվել են նաև անդրսահմանային կրթության որակի ապահովման մոտեցումները, համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման վերանայումը, կայուն զարգացման սկզբունքների ներառումը որակի ապահովման գործընթացներում և որակի ապահովման գործակալությունների ռազմավարական հաղորդակցության դերը՝ վստահության ու թափանցիկության ամրապնդման գործում։
Կարևորվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման չափանիշների և ուղենիշների (ESG) վերանայումը։ Ներկայացվել է վերանայված փաստաթղթի վերջնական տարբերակը, որը նախատեսվում է նոյեմբերին ներկայացնել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (BFUG) հաստատմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Բոլոնիայի գործընթացի առաջիկա առաջնահերթություններին և եվրոպական բարձրագույն կրթության հետագա զարգացման ուղղություններին։
Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի են ունեցել նաև ENQA-ի նախագահի և կառավարման խորհրդի անդամների ընտրությունները։
Անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ENQA-ի նախագահ է ընտրվել Հունգարիայի հավատարմագրման կոմիտեի (MAB) գլխավոր տնօրեն Պետեր Լևենտե Լակատոշը։ Կառավարման խորհրդի անդամներ են ընտրվել ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Գերմանիայի AQAS որակի ապահովման գործակալության ներկայացուցիչ Ռոննի Հայնցեն՝ երեք տարի ժամկետով։
Վարդուհի Գյուլազյանի ընտրությամբ շարունակվում է Հայաստանի ներկայացվածությունը ENQA-ի կառավարման խորհրդում։ Սա հնարավորություն է տալիս Հայաստանի ներկայացուցչին անմիջականորեն մասնակցելու եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտի ռազմավարական որոշումների մշակմանն ու ընդունմանը։
ՈԱԱԿ-ը 2017 թվականից ENQA-ի լիիրավ անդամ է և ակտիվորեն մասնակցում է եվրոպական որակի ապահովման գործընթացներին։ Գլխավոր ասամբլեային մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր ծանոթանալու ոլորտի նոր զարգացումներին, գործընկերների հետ փորձ փոխանակելու և ընդլայնելու միջազգային համագործակցությունը։