Մայիսի 29-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում։ Այցի նպատակն էր դիտարկել, թե քոլեջում որակի ներքին ապահովման ձևավորվող համակարգն ինչպես է նպաստում կրթական ծրագրերի բարելավմանը և ուսանողների գործնական կարողությունների ձևավորմանը։
Մշտադիտարկման առանցքում գործնական ուսուցման արդյունավետությունն էր․ որքանով է ուսանողն ուսումնառության ընթացքում անցնում մասնագիտական գործողության ամբողջական ճանապարհով, ստանում հետադարձ կապ և պատրաստվում գործել ոչ միայն դասախոսի կամ գործատուի ուղղորդմամբ, այլ նաև ինքնուրույն՝ որպես ապագա մասնագետ։
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների, ինչպես նաև որակի ապահովման պատասխանատուների հետ։ Քննարկվել են կրթական ծրագրերի կառավարման, գործնական ուսուցման, առաջադիմության վերլուծության, գործատուների ներգրավման և դուալ կրթության ներդրման հարցերը։
Քննարկումների ընթացքում կարևորվել է, որ գործնական ուսուցումը դիտարկվի ոչ թե որպես առանձին գործողությունների կատարում, այլ որպես ամբողջական գործընթաց։ Անկախ մասնագիտական ուղղությունից՝ ուսանողը պետք է կարողանա անցնել մասնագիտական գործողության ամբողջ շղթայով՝ առաջադրանքը հասկանալուց և պլանավորելուց մինչև իրականացում, սխալի կամ խնդրի հայտնաբերում, լուծման ընտրություն և արդյունքի գնահատում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս գործնական ուսուցումը կապել ոչ միայն կատարողական հմտության, այլ նաև ուսանողի մասնագիտական մտածողության և ինքնուրույն գործելու կարողության ձևավորման հետ։
Այս համատեքստում ուշադրություն է դարձվել նաև ուսանողին տրվող հետադարձ կապի դերին։ Քննարկվել է, որ գործնական աշխատանքի ընթացքում հետադարձ կապը պետք է օգնի ուսանողին հասկանալ ոչ միայն՝ ինչն է ճիշտ կամ սխալ, այլ նաև՝ ինչու է սխալն առաջացել, ինչպես կարելի է այն շտկել և ինչ մասնագիտական որոշում պետք է կայացնել հաջորդ քայլում։ Այս մոտեցմամբ ուսանողն աստիճանաբար անցնում է մասնակցությունից դեպի ինքնուրույն գործողություն։
Կրթական ծրագրերի բարելավման տեսանկյունից անդրադարձ է կատարվել առարկայական հանձնաժողովների հաշվետվությունների ձևաչափին և առաջադիմության վերլուծությանը։ Քննարկվել է, որ այդ վերլուծությունը կարող է օգնել քոլեջին տեսնել ոչ միայն ուսանողների գնահատականները, այլև՝ որ մոդուլներում, որ գործնական կարողությունների ձևավորման փուլերում կամ որ առաջադրանքներում են ուսանողները դժվարանում։ Այդ տվյալները կարևոր հիմք են դասավանդման, առաջադրանքների, գնահատման և գործնական ուսուցման կազմակերպման բարելավման համար։
Դուալ կրթության ներդրման ուղղությամբ կարևորվել է քոլեջի և գործատուների պատասխանատվության հստակ բաշխումը։ Գործատուի ներգրավումը դիտարկվել է ոչ միայն պրակտիկայի կամ աշխատավայրի տրամադրման, այլև գործնական առաջադրանքների ձևավորման, ուսանողի առաջընթացի դիտարկման, հետադարձ կապի տրամադրման և գնահատման գործընթացին մասնակցելու տեսանկյունից։
Մշտադիտարկման ընթացքում ընդգծվել է նաև կրթական ծրագրերի բովանդակային պատասխանատվության շղթայի կարևորությունը։ Քննարկվել է ՄԿԾ պատասխանատուի, ուղղության պատասխանատուի, առարկայական հանձնաժողովի, դասախոսի, գործատուի և որակի ապահովման պատասխանատուի փոխկապակցված դերը՝ ծրագրի մակարդակում արձանագրված խնդիրները գործնական բարելավման վերածելու համար։
Այցն ամփոփվել է հետևալ դիտարկմամբ՝ քոլեջում կրթական ծրագրերի հետագա զարգացումը պետք է շարունակվի գործնական կարողությունների ձևավորման ամբողջական տրամաբանությամբ՝ վերջնարդյունքից մինչև առաջադրանք, հետադարձ կապ, գնահատում, գործատուի մասնակցություն և տվյալների հիմքով բարելավում։