2026 թվականի նոյեմբերի 18–20-ը Հայաստանը հյուրընկալել է Որակի ապահովման եվրոպական ֆորումը (European Quality Assurance Forum, EQAF 2026)։ Ֆորումն անցկացվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպմամբ՝ «Որակի ապահովում՝ հանուն հմտությունների, ձեռներեցության և նորարարության. համագործակցություն աշխատաշուկայի հետ» խորագրի ներքո։
Նոյեմբերի 20-ին ֆորումի շրջանակում ՈԱԱԿ-ը ներկայացրել է «Որտե՞ղ պետք է կատարվի փոփոխությունը․ կառուցողական համահնչեցումը՝ որպես գործատուների կարիքներին արձագանքելու որակի ապահովման գործիք» զեկույցը։ Զեկույցի հեղինակներն են Ռուբեն Թոփչյանը, Վարդուհի Գյուլազյանը և Նաիրա Հարությունյանը։
Զեկույցում ՈԱԱԿ-ը ներկայացրել է հայաստանյան բուհերի հետ ծրագրային հավատարմագրման նախապատրաստման և կրթական ծրագրերի քարտեզագրման, կառուցվածքային համահնչեցման իր փորձը։ Ֆորումի շրջանակում ներկայացվել է այդ փորձի հիման վրա մշակված «Համահնչեցման հիման վրա փոփոխության տեղորոշման մոդելը» (Alignment-Based Change Localisation Model)։ Մոդելն օգնում է բուհերին որոշել՝ արդյոք գործատուների արձագանքը ծրագրում փոփոխություն կատարելու հիմք է տալիս, և եթե այո, ապա որ բաղադրիչում։ |
Զեկուցման շրջանակում Վարդուհի Գյուլազյանն անդրադարձել է գործատուների մատնանշած խնդրի պատճառը պարզելուն։ Օրինակ՝ եթե շրջանավարտները դժվարանում են հիմնավորել իրենց ընտրած ինժեներական լուծումը, ծրագրի թիմը կարող է ուսումնասիրել, թե ուսանողները որքան հնարավորություն են ունեցել զարգացնելու այդ կարողությունը և արդյոք գնահատման առաջադրանքները պահանջել են այն դրսևորել։ Ուսումնառության վերջնարդյունքների, գնահատման առաջադրանքների ու չափանիշների և ուսանողների աշխատանքների համադրումն օգնում է որոշել՝ ավելացնել գործնական վարժանքի հնարավորությունները, վերանայել գնահատումը, թե նախ հավաքել լրացուցիչ տվյալներ։
Մոդելը զարգացնում է գործատուների հետ երկխոսության այն մոտեցումը, որը Ռուբեն Թոփչյանը, Վարդուհի Գյուլազյանն ու համահեղինակները ներկայացրել են 2017 թվականին։ Այդ մոտեցումն օգնում է մասնագիտական աշխատանքի պահանջները ձևակերպել որպես շրջանավարտից ակնկալվող կարողություններ։ Ներկայացված մոդելն օգնում է պարզել, թե ծրագրի որ հատվածներում են այդ կարողությունները զարգանում ու գնահատվում և ինչ փաստերով կարելի է հիմնավորել փոփոխությունը։
Վարդուհի Գյուլազյանը մոդելի կիրառումը ներկայացրել է երկու բուհի օրինակով։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական մոդելավորման դասընթացում հստակեցվել են գործնական առաջադրանքների գնահատման չափանիշները։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ծրագրում աշխատանքը սկսվել է քարտեզագրումից՝ պարզելու, թե որ դասընթացներում և ինչ մակարդակով են զարգանում շրջանավարտից ակնկալվող կարողությունները։
Զեկույցին հաջորդել են հարցուպատասխան և քննարկում։ Ներկայացված մոտեցումը բուհերի համար առաջադրում է գործնական հարցեր․
- ինչպե՞ս համադրել տարբեր գործատուների ակնկալիքները,
- ի՞նչ հիմքով սահմանել այն առանցքային կարողությունները, որոնք ուսանողը պետք է պարտադիր դրսևորի գնահատման ժամանակ,
- ի՞նչ տվյալներով գնահատել կատարված փոփոխության ազդեցությունը։
Ծրագրային հավատարմագրման ընթացքում այս հարցերն օգնում են դիտարկել, թե բուհն ինչպես է հիմնավորել իր ընտրությունը և ինչպես է նախատեսում գնահատել արդյունավետությունը։
ՈԱԱԿ-ը կարևորում է բուհերի և գործատուների միջև շարունակական երկխոսությունը՝ որպես կրթական ծրագրերի բարելավման հիմք։ Այդ երկխոսության արդյունքները ծրագրային որոշումների են վերածվում, երբ բուհը գործատուների արձագանքը դիտարկում է ծրագրի նպատակների, վերջնարդյունքների և ուսանողների փաստացի արդյունքների համատեքստում ու նախապես որոշում, թե ինչպես է գնահատելու փոփոխության ազդեցությունը։