Սեպտեմբերի 14-18-ը Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում իրականացված փորձնական (Mock) հավատարմագրման արդյունքների ամփոփմանը։
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ի մասնագետները ներկայացրին ծրագրի շրջանակում մշակված փորձնական հավատարմագրման իրականացման ձեռնարկը, ինչպես նաև գործընթացի փորձարկումից քաղված հիմնական դասերն ու արձանագրված մարտահրավերները։ Գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրին փորձնական հավատարմագրման շրջանակում իրականացված ինքնավերլուծության փորձը՝ անդրադառնալով բացահայտված ուժեղ և բարելավման ենթակա կողմերին ու զարգացման առաջնահերթություններին։ Խմբային քննարկումների արդյունքում ծրագրի գործընկերները վերջնականացրին ձեռնարկը՝ հաշվի առնելով փորձարկման արդյունքները և ՄԿՈՒ հաստատությունների փորձը։
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՄԿՈՒ համակարգում թվային և կանաչ բաղադրիչների ներդրմանը։ Ներկայացվեցին այդ ուղղությունների գնահատման հնարավոր ցուցիչներ, որոնք քննարկվեցին գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև գերմանացի և ռումինացի գործընկերների հետ։ Քննարկումների ընթացքում դիտարկվեց դրանց կիրառելիությունը Հայաստանի ՄԿՈՒ համակարգում և այն, թե ինչպես կարող են թվային և կանաչ բաղադրիչներն ինտեգրվել ՄԿՈՒ հաստատությունների գործունեության և կրթական ծրագրերի որակի գնահատման գործընթացներում։
Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն այցելեցին նաև Օֆենբախի տեխնիկական դպրոց (GTS Offenbach)՝ ծանոթանալու մասնագիտական կրթության մեջ թվայնացման, կայուն զարգացման և շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ինտեգրման գերմանական փորձին։