ՈԱԱԿ-ում ուսանողների հետ քննարկվել են հավատարմագրման գործընթացում հարցադրման և արդյունահենք վերլուծության սկզբունքները
Մայիսի 12-ին ՈԱԱԿ-ում «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների հետ։ Աշխատաժողովը վարեց ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը։
Հանդիպման առանցքում էր այն հարցը, թե ինչպես կարող է ուսանող-փորձագետը հավատարմագրման գործընթացում հարցադրումների միջոցով բացահայտել բուհի կրթական գործունեության իրական արդյունքը․ արդյոք կրթական ծրագիրը ձևավորում է այն կարողությունները, որոնք նախատեսված են ծրագրի վերջնարդյունքներով, և արդյոք բուհն ունի այդ արդյունքները գնահատելու, վերլուծելու և բարելավելու մեխանիզմներ։
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ բուհի պատասխանատվությունը սկսվում է դիմորդին տրվող պարզ, բայց առանցքային հարցի պատասխանից՝ ի՞նչ կարողություններ կունենա ուսանողը կրթական ծրագիրն ավարտելիս։ Այս տեսանկյունից կրթության որակը պետք է գնահատել ոչ միայն դասավանդվող առարկաների, իրականացվող գործընթացների կամ փաստաթղթերի առկայությամբ, այլև այն արդյունքով, որը ձևավորվում է ուսանողի մոտ ուսումնառության ավարտին։
Աշխատաժողովի ընթացքում ուսանողների հետ քննարկվեցին այն հիմնական ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս հավատարմագրման գործընթացում անցում կատարել նկարագրական մոտեցումից դեպի արդյունահենք վերլուծություն։
Հարցադրման նպատակի հստակեցում
Ուսանող-փորձագետը հարց ձևակերպելուց առաջ պետք է հստակ հասկանա՝ ինչ է ցանկանում բացահայտել, ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ ստանալ և ինչպես է այդ տեղեկատվությունն օգտագործվելու վերլուծության մեջ։ Հարցադրումը դիտարկվեց ոչ թե որպես առանձին գործողություն, այլ որպես վերլուծական շղթայի սկիզբ, որը պետք է հանգեցնի փաստի և հիմնավորված եզրակացության ձևավորմանը։
Հարցերի թեմատիկ հաջորդականություն
Քննարկվեց, որ փորձագիտական այցերի ընթացքում կարևոր է ընտրել կոնկրետ թեմատիկ ուղղություն և նույն տրամաբանությամբ շարունակել հարցադրումները տարբեր շահակից խմբերի հետ հանդիպումների ժամանակ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս համադրել շահակիցների պատասխանները և հասկանալ՝ որքանով են բուհում իրականացվող գործընթացները համակարգված ու հետևողական։
Փաստի ձևակերպում
Առանձնահատուկ շեշտադրվեց, որ հավատարմագրման գործընթացում փաստը չի կարող հիմնվել մեկ պատասխանի կամ առանձին կարծիքի վրա։ Այն պետք է ձևավորվի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համադրված վերլուծության արդյունքում։ Այս կարողությունը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ փորձագետը պետք է գնահատի ոչ միայն գործընթացի առկայությունը, այլև դրա արդյունավետությունը։
Արդյունահենք զեկույցի կազմում
Ուսանողների հետ քննարկվեց, որ հավատարմագրման զեկույցը պետք է լինի ոչ թե գործընթացների նկարագրություն, այլ վերլուծություն, որը ցույց է տալիս՝ ինչ արդյունք են ապահովում բուհի գործողությունները, ինչ խնդիրներ են բացահայտվում և ինչ բարելավումներ են անհրաժեշտ։ Այս համատեքստում կարևորվեց արդյունքի, փաստի և եզրակացության միջև կապի հստակ պահպանումը։
Բուհի պատասխանատվությունը կարողունակ մասնագետ պատրաստելու հարցում
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ բուհը պետք է կարողանա հստակ ներկայացնել, թե ինչ կարողություններ և մասնագիտական հմտություններ է ձևավորում կրթական ծրագիրը։ Այս մոտեցումը կարևոր է թե՛ դիմորդի տեղեկացված ընտրության, թե՛ ուսանողի ուսումնառության, թե՛ գործատուի սպասելիքների տեսանկյունից։
Լավ սովորեցնելու հայտանիշները
Որպես բուհում արդյունավետ ուսուցման կարևոր ցուցիչներ առանձնացվեցին․
- կրթական ծրագրի վերջնարդյունքների հստակությունը,
- դասավանդման և գնահատման մեթոդների համապատասխանությունը վերջնարդյունքներին,
- ուսանողների առաջընթացի վերաբերյալ տվյալների հավաքագրումը և վերլուծությունը,
- գործատուների և շրջանավարտների հետադարձ կապի կիրառումը,
- դասախոսների մասնագիտական զարգացման կապն ուսանողների կարողությունների ձևավորման հետ։
Դասախոսների վերապատրաստումների նշանակությունը
Ընդգծվեց, որ դասախոսների վերապատրաստումները պետք է ուղղված լինեն ոչ միայն դասավանդման մեթոդների կատարելագործմանը, այլև այնպիսի ուսուցման և գնահատման մշակույթի ձևավորմանը, որը նպաստում է կարողունակ մասնագետների պատրաստմանը։ Այս համատեքստում կարևորվեց, որ բուհը կարողանա ցույց տալ՝ ինչպես են դասախոսների կարողությունների զարգացումը, կրթական ծրագրի վերջնարդյունքները և ուսանողների ձեռքբերումները փոխկապակցվում։
Ռուբեն Թոփչյանը նշեց, որ հավատարմագրման գործընթացում հարցադրումը միայն տեղեկատվություն ստանալու միջոց չէ, այլ վերլուծական գործիք։ Ճիշտ ձևակերպված հարցը հնարավորություն է տալիս հասկանալու՝ արդյոք բուհում իրականացվող գործընթացներն իրականում նպաստում են կրթության որակի բարելավմանը և ուսանողի կարողությունների ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև որակի ապահովմանը՝ որպես բազմազանության կառավարման գործիքակազմ։ Ընդգծվեց, որ որակը դրսևորվում է այն ժամանակ, երբ բուհը կարողանում է արձագանքել ուսանողների, կրթական ծրագրերի, աշխատաշուկայի և միջավայրի տարբեր պահանջներին, հավաքագրել ու վերլուծել տվյալներ և դրանց հիման վրա շարունակաբար բարելավել իր գործընթացները։
Աշխատաժողովի արդյունքում ուսանողները խորացրին պատկերացումները հավատարմագրման գործընթացում հարցադրումների, փաստերի ձևակերպման և արդյունահենք վերլուծության վերաբերյալ։