Հոկտեմբերի 7-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի փորձագիտական խմբի, ՈԱԱԿ-ի տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և հավատարմագրման գործընթացի համակարգողի մասնակցությամբ․ առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում տեղի կունենա արտաքին գնահատման փորձագիտական այց քոլեջ:
Հանդիպման նպատակն էր ամփոփել նախնական գնահատման փուլում արձանագրված հիմնական դիտարկումները, վերհանված խնդիրները և այն հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ժամանակ։
Քննարկման առանցքում պլանավորումն էր՝ որպես հաստատության նպատակների արդյունավետ իրականացման կարևոր նախապայման։ Ընդգծվեց, որ արդյունավետ պլանավորումը պետք է ապահովի գործընթացներում ներգրավված բոլոր կողմերի ընդհանուր պատկերացումը նպատակների, գործողությունների հաջորդականության, պատասխանատվությունների և ժամկետների վերաբերյալ։ Քոլեջի գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հատկապես կարևորվեց մարզման և դրա իրականացման փուլերի նպատակային պլանավորումը՝ դրանք կապելով սովորողի զարգացման ակնկալվող արդյունքների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետևյալ հարցերը․
- քոլեջում դասավանդման և ուսումնառության կազմակերպումը և կիրառվող մոտեցումները,
- կրթական ծրագրերում թեմաների փոխկապակցվածությունն ու միջառարկայական կապերի ապահովումը,
- հաստատության և կրթական ծրագրերի կարիքների բացահայտումը, ռեսուրսների պլանավորումն ու արդյունավետ օգտագործումը,
- դասալսումների, ձևավորող գնահատման և հետադարձ կապի դերը կրթական գործընթացի բարելավման գործում,
- ուսանողակենտրոն մոտեցումների կիրառումը և սովորողների առաջընթացի ու ուսումնառության արդյունքների գնահատումը։
Հանդիպման ավարտին կարևորվեց, որ փորձագիտական գնահատման և հետագա զեկույցի ուշադրության կենտրոնում լինի քոլեջի՝ կրթական ծրագրերն արդյունավետ իրականացնելու կարողությունը, իսկ փորձագիտական խորհրդատվությունները նպաստեն ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձևավորմանը և կրթական ծրագրերի շարունակական բարելավմանը։